Արմինֆո. Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA Armenia) կազմում կընդգրկվի մինչեւ 100 մասնագետ: Այդ մասին ասվում է ԵՄ խորհրդի հաղորդագրությունում։
"Խորհուրդը Հայաստանում ստեղծել է նոր լիարժեք քաղաքացիական առաքելություն (EUMA Armenia), որում կլինեն մինչեւ 100 աշխատակիցներ՝ տեղերում իրավիճակի դիտարկման եւ իրազեկման համար՝ դրանով իսկ նպաստելով մարդկանց անվտանգության ապահովմանը եւ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջեւ վստահության ամրապնդմանը", - ասվում է ԵՄ Խորհրդի կայքում զետեղված հաղորդագրությունում:
Ընդ որում, հայկական ԶԼՄ-ները, վկայակոչելով Եվրախորհրդի որոշումը, նշում են, որ Հայաստանում ԵՄ նոր առաքելության (EUMA) կազմում կարող են ընդգրկվել երրորդ երկրների ներկայացուցիչներ, որոնք Եվրամիության անդամ չեն: "Առանց ԵՄ որոշումների կայացման ինքնավարությանը և նրա միասնական կազմակերպական կառուցվածքին վնասելու՝ երրորդ պետությունները կարող են հրավիրվել իրենց ներդրումն ունենալու առաքելությունում, պայմանով, որ նրանք կրում են իրենց կողմից նշանակված անձնակազմի ծախսերը, ներառյալ աշխատավարձերը, բոլոր ռիսկերից ապահովագրությունը, ամենօրյա և ճանապարհորդական ծախսերը դեպի Հայաստան եւ Հայաստանից, և իրենց ներդրումն են ունենում առաքելության ընթացիկ ծախսերում ՝ կախված հանգամանքներից", - մեջբերում են ԶԼՄ-ները որոշումը:
Նաեւ նշվում է, որ առաքելությունը բաղկացած է, հիմնականում, անդամ պետությունների, ԵՄ հաստատությունների կամ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության կողմից գործուղված աշխատակիցներից, սակայն, բացառիկ դեպքերում, պատշաճ կերպով հիմնավորված դեպքերում, երբ բացակայում են անդամ պետություններից որակավորված թեկնածուները, երրորդ պետությունների քաղաքացիները կարող են աշխատանքի ընդունվել պայմանագրային հիմունքներով ՝ կախված հանգամանքներից: Հաղորդվում է նաև, որ առաքելության աշխատանքի առաջին չորս ամիսների համար ավելի քան 8 մլն եվրո է հատկացվել։
Ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել է, հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը հաստատել է ԵՄ քաղաքացիական առաքելության ուղարկումը Հայաստան՝ երկու տարի ժամկետով: Օպերատիվ շտաբը գտնվելու է Հայաստանում։ Քաղաքացիական առաքելության հրամանատարը կլինի Ստեֆանո Տոմատը՝ EEAS-ի քաղաքացիական պլանավորման և վարքի բաժնի (CPCC) գործադիր տնօրենը: Մոտ ապագայում կնշանակվի առաքելության ղեկավար, որը կղեկավարի գործողությունները տեղերում։ Նպատակը տեղերում իրավիճակի կայունացմանը նպաստելն է։