Արմինֆո. Վաշինգտոնում ակնկալում են տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսություն, որը թույլ կտա ապահովել տարածաշրջանային խաղաղություն։ Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ փետրվարի 24-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։
Հարցին՝ թե ինչպիսին է իրավիճակի կայունացման ճանապարհի Վաշինգտոնի տեսլականը, հաշվի առնելով, որ ավելի վաղ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ էր արել Ադրբեջանի նախագահին ապաշրջափակել Լաչինի միջանցքը, Փրայսը նշել է, որ այժմ իրենք ոոորեւէ եզրահանգում չեն անի։ "Մենք դրան գնում ենք ուղիղ երկխոսություն տեսնելու ակնկալիքով, ուղիղ երկխոսություն, որը տանում է այն հարցերի լուծմանը, որոնք վաղուց բաժանել են Հայաստանին ու Ադրբեջանին, և այդ երկխոսության միջոցով մենք հույս ունենք հասնել կայուն խաղաղության։ Մենք շարունակում ենք ուղիղ բանակցություններ վարել Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Մենք դա անում ենք երկկողմանի հիմունքով; մենք դա անում ենք գործընկերների հետ; մենք դա անում ենք բազմակողմ հաստատությունների միջոցով: Մենք անցյալ տարի մի քանի անգամ հնարավորություն ունեցանք դա անել եռակողմ ձևաչափով։ Մենք պատրաստվում ենք անել հնարավորը՝ այդ չափազանց բարդ հարցերի լուծման համար", - նշել է ԱՄՆ Պետդեպարտաամենտի ներկայացուցիչը։
Ճշգրտող հարցին՝ թե արդյոք պետքարտուղարը, այնուամենյանիվ հստակ պատկերացում ունի այն մասին, թե տվյալ իրավիճակում բանակցային գործընթացը որ հատվածում է կանգ առել, Փրայսն ընդգծել է, որ ԱՄՆ-ն հստակ պատկերացում ունի գործերի վիճակի մասին։ Հիշեցնելով տարբեր հոգսերի մասին՝ ամերիկացի դիվանագետը ցանկացել է միայն դիրքորոշում հայտնել Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ, որը չի գործում արդեն 45 օր։ "Թույլ տվեք միայն արտահայտել մեր մտահոգությունը Լաչինի միջանցքի իրավիճակի վերաբերյալ։ Մենք մտահոգված ենք, որ իրավիճակն այնտեղ վատթարանում է։ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը եղել է ոչ միայն պետքարտուղարի, այլեւ այդ շենքում ներկա այլոց ուշադրության կենտրոնում։ Լաչինի միջանցքով բնականոն առեւտրային եւ մասնավոր երթեւեկությանը շարունակվող խոչընդոտումը պարենի, վառելիքի եւ դեղորայքի պակաս է առաջացնում բնակիչների համար, որոնք կախված են միջանցքից ՝ այդ հիմնական մատակարարումները ստանալու համար։ Բնական գազի և այլ հիմնական կոմունալ ծառայությունների մատակարարման պարբերական խափանումները խորացնում են վատթարացող հումանիտար իրավիճակը: Մենք կոչ ենք անում լիովին վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով՝ ներառյալ առևտրային և մասնավոր ուղևորությունները: Մենք կարծում ենք, որ մենք պետք է ելք գտնենք այս փակուղուց, որը կապահովի այդ շրջանում բնակվող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը", - նշել է Փրայսը, ընդգծելով, որ առաջ գնալու ճանապարհը բանակցությունների միջոցով է։
Վերջում նա ընդգծել է, որ ԱՄՆ-ում, նախկինի պես, հանձնառու են կայուն խաղաղության ապահովման գործին։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը մտացածին բնապահպանական պատրվակով փակել է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Արցախի բնակչությունն արդեն մեկ ամսից ավելի գտնվում է շրջափակման մեջ ՝ զուրկ ապրուստի տարրական միջոցներից։ Հունվարի 9-ից Արցախը զրկվել է Հայաստանից էլեկտրաէներգիա ստանալու հնարավորությունից ՝ Ադրբեջանի ապակառուցողական գործողությունների պատճառով։ Հանրապետությունում ամենօրյա ռեժիմով հովհարային անջատումներ են տեղի ունենում։ Ավելին, հունվարի 12-ին թշնամական կողմը վնասել էր նաև երկրի բնակչությանը ինտերնետով և հեռախոսակապով ապահովող կապի մալուխը, որը վերականգնվել է հունվարի 14-ին՝ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ։ Հավելենք նաև, որ հունվարի 17-ին ՝ կեսօրին մոտ, թշնամական կողմը դադարեցրել էր Արցախի գազամատակարարումը։ Բանակցությունների միջոցով հաջողվել էր երեկոյան վերականգնել գազամատակարարումը։ Հունվարի 18-ին Ադրբեջանը կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը: Հունվարի 20-ին ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, իսկ հունվարի 22-ին ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է գազատարը