Արմինֆո. Եվրոպայի խորհուրդը պետք է հավասարապես արդար մոտենա կազմակերպության անդամ երկրներում տեղի ունեցող իրադարձությունների քննարկման հարցերին։
Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է ԵԽԽՎ նախկին անդամ և Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով զեկուցող Քրիստոֆեր Շտրասերը, պատասխանելով այն հարցին, թե ինչու են Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին վերաբերող կրիտիկական խնդիրները մնում ստվերում և պատշաճ կերպով չեն բարձրաձայնվում ԵԽԽՎ հարթակում և Եվրոպայի խորհրդում:
Նշենք, որ Ստրասբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել "Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցի դիտարկում" չնախատեսված միջոցառում' նվիրված այն իրադարձությունների 10-րդ տարելիցին, երբ Շտրասերի զեկույցը մերժվել էր: Այն ժամանակ Քրիստոֆեր Շտրասերը ենթարկվել էր կատաղի հարձակումների ադրբեջանցի և եվրոպացի խորհրդարանականների կողմից, որոնք վիճարկում էին Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայությունը, ինչը հանգեցրեց նրա հաշվետվության մերժմանը։ Դա գրավել է Կայունության եվրոպական նախաձեռնություն վերլուծական կենտրոնի ուշադրությունը, որը հետագայում հրապարակել էր Ադրբեջանի "խավիարային դիվանագիտության" քաղաքականության և ալիևյան ռեժիմի կողմից մի շարք եվրոպացի խորհրդարանականների ու պաշտոնյաների կաշառման մասին մերկացնող զեկույցը։
Ստրասբուրգում կայացած միջոցառման ընթացքում Կայունության եվրոպական նախաձեռննության տնօրեն Հերալդ Քնաուսը ներկայացրել է 10 տարի առաջ Շտրասերի զեկույցի լսումների ժամանակ մի շարք եվրապատգամավորների հայտարարություններ և քննադատական դիտողություններ, որոնք աչքի են ընկել իրենց ցինիկությամբ՝ հերքելով Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի կարևորությունը:
ԱրմԻնֆո-ի հետ զրույցում Շտրասերը համաձայնել է, որ Եվրոպայի Խորհուրդը և ԵԽԽՎ-ը ցուցաբերում են սելեկտիվ մոտեցում, ինչի արդյունքում Ադրբեջանը ոչ մի պատասխանատվություն չի կրում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ իր գործողությունների համար: Չկա պատշաճ պատիժ, օրինակ, կազմակերպությունից հեռացման տեսքով, ինչպես դա տեղի ունեցավ Ռուսաստանի դեպքում։
"Ես կարծում եմ, որ կարևոր է հետաքննել այն պատճառները, թե ինչու Եվրոպայի խորհուրդը, ԵԽԽՎ-ը չեն անդրադառնում Ադրբեջանում հայ ռազմագերիների թեմային։ Դրա համար միակ հնարավորությունը ԵԽԽՎ - ում համախոհներ և դաշնակիցներ գտնելն է։ Ես այլ հնարավորություն չեմ տեսնում՝ քան ամուր շփումների ստեղծումը", - նշել է Շտրասերը։