Արմինֆո.Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը երախտագիտություն են հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին այն բանի համար, որ վերջինս հունվարի 23-ին Ելիսեյան պալատում ընդունել է իրենց ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում տիրող դրամատիկ իրավիճակը, որը դեկտեմբերի 12-ից գտնվում է Ադրբեջանի շրջափակման տակ։
Հանդիպմանը քննարկվել են նաև այն սպառնալիքները, որոնք ազդում են Հայաստանի տարածքային ամբողջականության վրա։
Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները նախագահի ուշադրությունն են հրավիրել հումանիտար աղետի վրա, որին այսօր բախվում է Լեռնային Ղարաբաղը, և հույս են հայտնել, որ Փարիզն իր նախաձեռնություններով օգնության կգա իրենց ապագայի համար կրիտիկական այս պահին:
Ինչպես հաղորդում է Nouvelles d՝Armenie-ն, Թորանյանը եւ Փափազյանը հույս են հայտնել, որ Ֆրանսիան ավելի ակտիվ դերակատարություն կունենա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանության գործում, որին ներկայում սպառնում են էթնիկ զտումները, ինչպես նաեւ՝ Հայաստանի տարածքային ամբողջականության եւ միջազգային իրավունքի հարգման գործում աշխարհի այդ ռազմավարական տարածաշրջանում, որը հատկապես նոր պատերազմի վտանգի տակ է:
Իր հերթին՝ "Le Figaro" ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուսոնը Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդել է, որ Սիլվեն Տեսսոնի, Պասկալ Բրուքների, Օլիվյե Վեբերի և Յուրի Ջորկաեֆի հետ միասին հանդիպել են նախագահ Էմանուել Մակրոնի հետ: "Ֆրանսիացի մտավորականության անունից մենք մեր վրդովմունքն ենք հայտնել արցախահայության ողբերգության հանդեպ անտարբերության կապակցությամբ, որին ադրբեջանցիները սպառնում են էթնիկ զտումներով", - գրել է լրագրողը:
Նշենք, որ Մուրադ Փափազյանը 2022 թվականի հուլիսից անցանկալի անձ է Հայաստանում՝ ՀՀ վարչապետի հասցեին հնչեցրած քննադատության պատճառով։