Արմինֆո. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին ներկայացրել է Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում հանրապետությունում տիրող իրավիճակը: Այդ մասին հաղորդել է Արայիկ Հարությունյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
«Փարիզի քաղաքապետ տիկին Անն Իդալգոյի նախաձեռնությամբ քիչ առաջ հեռախոսազրույց ենք ունեցել: Օրակարգն Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում Արցախում ստեղծված իրավիճակն էր: Մանրամասը ներկայացրել եմ հումանիտար աղետի պատճառներն ու հետևանքները, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գնահատականներն ու գործողությունները:
Անն Իդալգոն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, հավաստիացրել, որ կբազմապատկեն իրենց կողմից գործադրվող շարունակական ջանքերն իրավիճակը լիցքաթափելու համար», - գրել է Հարությունյանը:
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը մտացածին բնապահպանական պատրվակով փակել է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Արցախի բնակչությունն արդեն մեկ ամսից ավելի գտնվում է շրջափակման մեջ ՝ զուրկ ապրուստի տարրական միջոցներից։ Հունվարի 9-ից Արցախը զրկվել է Հայաստանից էլեկտրաէներգիա ստանալու հնարավորությունից ՝ Ադրբեջանի ապակառուցողական գործողությունների պատճառով։ Հանրապետությունում ամենօրյա ռեժիմով հովհարային անջատումներ են տեղի ունենում։ Ավելին, հունվարի 12-ին թշնամական կողմը վնասել էր նաև երկրի բնակչությանը ինտերնետով և հեռախոսակապով ապահովող կապի մալուխը, որը վերականգնվել է հունվարի 14-ին՝ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ։ Հավելենք նաև, որ հունվարի 17-ին ՝ կեսօրին մոտ, թշնամական կողմը դադարեցրել էր Արցախի գազամատակարարումը։ Բանակցությունների միջոցով հաջողվել էր երեկոյան վերականգնել գազամատակարարումը։ Հունվարի 18-ին Ադրբեջանը կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը: Հունվարի 20-ին ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, իսկ հունվարի 22-ին ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է գազատարը։