Արմինֆո. Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան մեկնաբանել է Հայաստան մոնիթորինգային առաքելություն ուղարկելու ԵՄ որոշումը:
"Այդ որոշումը շատ կարեւոր է, եւ Ֆրանսիան ուրախ կլինի մասնակցել այդ եվրոպական առաքելությանը", - նշել է Կատրին Կոլոննան Twitter-ի իր էջում՝ կիսվելով ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի գրառումով: Վերջինս, մասնավորապես, գրել է. "Այսօր մենք հիմնում ենք ԵՄ քաղաքացիական առաքելություն (EUMA) Հայաստանում ՝ նպաստելու կայունությանը, վստահության ամրապնդմանը և պայմանների ապահովմանը, որոնք նպաստում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Այն սկսում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության ուղղությամբ մեր փոխգործակցության նոր փուլ"։
Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտն, իր Ֆեյսբուքյան էջում կիսվելով Հայաստան Եվրամիության առաքելության ուղարկման մասին տեղեկատվությամբ, նշել է, որ այդ նոր առաքելությունն արտացոլում է ԵՄ-ի և, մասնավորապես, Ֆրանսիայի աճող հանձնառությունը՝ կանխելու հակամարտության ցանկացած էսկալացիա Հայաստանի Հանրապետության տարածքում: "Ֆրանսիան կշարունակի իր ջանքերը Եվրամիության եւ Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում՝ տարածաշրջանում անվտանգության ամրապնդման համար բոլոր միջոցները ձեռնարկելու նպատակով", - նշել է նա:
Ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել է, ԵՄ խորհուրդն այսօր' հունվարի 23-ին, հաստատել է ԵՄ քաղաքացիական առաքելության ուղարկումը Հայաստան' երկու տարի ժամկետով, իսկ օպերատիվ շտաբը կգտնվի Հայաստանում: Քաղաքացիական առաքելության հրամանատարը կլինի Ստեֆանո Տոմատը՝ EEAS-ի քաղաքացիական պլանավորման և վարքի բաժնի (CPCC) գործադիր տնօրենը: Մոտ ապագայում կնշանակվի առաքելության ղեկավար, որը կղեկավարի գործողությունները տեղերում։