Արմինֆո.Հունվարի 20-ին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը հանդիպել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին և շնորհավորել վերջինիս նշանակման կապակցությամբ։
Հայաստանում ԱՄՆ դեսպանության այսօրվա հաղորդագրության համաձայն, գործերի ժամանակավոր հավատարմատար Լեյթինենը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Նա ընդգծել է միջանցքով ազատ տեղաշարժի լիարժեք վերականգնման անհրաժեշտությունը։ Նա նաև վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը հարևանների հետ խաղաղ համագոյակցող, ինքնիշխան, անկախ և ժողովրդավար Հայաստանին։
Ուշագրավ է, որ հանդիպման վերաբրեյալ ՀՀ կառավարության հունվարի 20-ի հաղորդագրության մեջ հիշատակում չկա այն մասին, որ զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը։
Կառավարության հաղորդագրության համաձայն, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ՀՀ-ում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Չիպ Լեյթինենի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն իր խոսքում շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հետագա խորացմանը եւ զարգացմանը:
«Փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության ծրագրի առաջնայնությունները եւ բարձր գնահատել նախանշված բարեփոխումների իրականացման գործում ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը:
Չիպ Լեյթինենը շնորհավորել է փոխվարչապետին պաշտոնի ստանձման կապակցությամբ եւ վերահաստատել ամերիկյան կողմի պատրաստակամությունը շարունակելու ցուցաբերել աջակցություն ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ: «Միացյալ Նահանգները սատարում է Հայաստանի կառավարությանն իրականացրած ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների վարման հարցերում»,- իր խոսքում նշել է հավատարմատարը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելու հնարավորությունների եւ հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարի շուրջ», - ասվում է կառավարության հաղորդագրությունում: