Արմինֆո. ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի առաջնորդները Բայդենի վարչակազմի ներկայացուցիչներին կոչ են արել առավելագույն ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ՝ Արցախի շրջափակումը վերացնելու համար, քանի դեռ ներկայիս հումանիտար ճգնաժամը չի հանգեցրել աղետալի հետևանքների։ Այդ մասին հաղորդել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենին եւ USAID-ի ղեկավար Սամանտա Փաուերին հղված նամակում ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը եւ Դեւիդ Վալադաոն եւ կոնգրեսական Աննա Էշուն հաստատակամ են. «Լաչինի միջանցքի բացման ներկայիս միջազգային ռազմավարությունը, պարզապես, չի աշխատում: Ալիևի ռեժիմը կանխամտածված քայլեր է ձեռնարկում բնիկ հայ բնակչությանն Արցախից վտարելու և նրանց նախնիների հողում ազատ, ժողովրդավար և արժանապատիվ ապրելու հնարավորությունից զրկելու ուղղությամբ՝ էթնիկ զտումների ակնհայտ նշան, որը չի կարելի անտեսել", - նշել են նրանք։
Միևնույն ժամանակ, կոնգրեսականներն ընդգծել են, որ Միացյալ Նահանգները նաև պետք է քննարկի Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու բոլոր մատչելի տարբերակները, ներառյալ ՝ բեռների հնարավոր օդային փոխադրումը՝ սովամահության իրական վտանգը կանխելու համար։ Նրանք նաև համոզմունք են հայտնել, որ այս շրջափակման հետևում կանգնած իշխանությունների նկատմամբ "այնպիսի պատժամիջոցների սպառնալիքը, ինչպես՝ Մագնիտսկու պատժամիջոցները, արդարացված է և տեղին, հաշվի առնելով այն լուրջ սպառնալիքը, որին ներկայումս բախվում է Արցախի ժողովուրդը"։
ANCA - ում նաեւ նշել են, որ հունվարի 18-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «Թվիթերում» գրել է իր "խորը մտահոգության մասին Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ", սակայն չի հայտարարել ԱՄՆ-ի որեւէ նշանակալի քայլերի մասին ՝ ուղղված Ադրբեջանի կողմից Արցախի 120 000 բնիկ քրիստոնյա հայերի ավերիչ շրջափակումը դադարեցնելուն:
Բացի այդ, հունվարի 13-ին USAID-ի ղեկավար Փաուերը Թվիթերում գրել է. "Ամեն օր առևտրային տրանսպորտն ու մարդասիրական օգնությունը չեն կարող ազատ մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, հումանիտար ճգնաժամի ներուժը մեծանում է։ Միջանցքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի" ։
Շնորհակալություն հայտնելով վարչակազմի ելույթի համար ՝ Կոնգրեսի հայկական խմբի առաջնորդները նշել են, որ միայն հայտարարությունները բավարար չեն։ "Ալիեւի ռեժիմի կողմից միջանցքի անհապաղ բացման այդ կոչերի աղաղակող անտեսումը խորը մտահոգություն է առաջացնում եւ ցույց է տալիս միջազգային ճնշման հրատապ ուժեղացման անհրաժեշտությունը", - նշել են նրանք:
Իր հերթին՝ ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը փաստել է, որ Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ դատապարտման մասին հայտարարությունները բավարար չեն Ալիեւի ցեղասպան ռեժիմը զսպելու համար: "Ինչպես հայտարարել են հայկական հանձնաժողովի առաջնորդները, մեզ անհրաժեշտ է "առավելագույն ճնշում" Բայդենի վարչակազմի կողմից ՝ սկսած Ադրբեջանին ռազմական օգնության դադարեցումից, շարունակվող ռազմական հանցագործությունների համար ադրբեջանցի առաջնորդների դեմ պատժամիջոցներ սահմանելուց և Արցախի ժողովրդին փրկելու համար հումանիտար օգնության անհապաղ տեղափոխումից օդով", - նշել է Համբարյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը մտացածին բնապահպանական պատրվակով փակել է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Արցախի բնակչությունն արդեն մեկ ամսից ավելի գտնվում է շրջափակման մեջ ՝ զուրկ ապրուստի տարրական միջոցներից։ Հունվարի 9-ից Արցախը զրկվել է Հայաստանից էլեկտրաէներգիա ստանալու հնարավորությունից ՝ Ադրբեջանի ապակառուցողական գործողությունների պատճառով։ Հանրապետությունում ամենօրյա ռեժիմով հովհարային անջատումներ են տեղի ունենում։ Ավելին, հունվարի 12-ին թշնամական կողմը վնասել էր նաև երկրի բնակչությանը ինտերնետով և հեռախոսակապով ապահովող կապի մալուխը, որը վերականգնվել է հունվարի 14-ին՝ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ։ Հավելենք նաև, որ հունվարի 17-ին ՝ կեսօրին մոտ, թշնամական կողմը դադարեցրել էր Արցախի գազամատակարարումը։ Բանակցությունների միջոցով հաջողվել էր երեկոյան վերականգնել գազամատակարարումը։ Հունվարի 18-ին Ադրբեջանը կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը: