


Որքան ավելի շուտ Արթուր Աֆյանը վերադառնա ծառայության,
այնքան ավելի լոյալ կլինի նրա նկատմամբ արդարադատությունը: Մարտի 6-ին Երևանում
լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ
սահմանապահ վարչության պետ Վյաչեսլավ Բիրյուկովը:
Նա նշել է, որ Աֆյանը ծառայության ընթացքում իրեն դրական
է դրսևորել, և նրա նկատմամբ ոչ մի դժգոհություն չի եղել:
«Աֆյանի հարազատների հետ զրույցի ընթացքում պարզ է
դարձել, որ նա մեծ պարտքեր է ունեցել: Կարծում եմ, դա էլ նրա անհետացման պատճառ է
դարձել: Հուսով ենք, որ նա կվերադառնա ողջ և առողջ», - եզրափակել է Բիրյուկովը:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ ՍՎ պայմանագրային
ծառայության զինծառայող, Հայաստանի քաղաքացի, 26-ամյա Արթուր Աֆյանն անհետացել էր
փետրվարի 21-ին: Սահմանապահի որոնումներն սկսվել էին այն բանից հետո, երբ նրա կինը
դիմել էր սահմանապահ վարչություն և Հայաստանի ոստիկանություն` ամուսնու անհետացման
առնչությամբ:
Հայաստանում
Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը Հայաստանի իրավապահ մարմինների հետ
համատեղ շարունակում է զինծառայողի որոնումները: Հայաստանի քննչական կոմիտեն արդեն
քրեական գործն է հարուցել այդ փաստի առնչությամբ:


