
Հայաստանի ներքաղաքական իրավիճակը Մոսկվային չի
հետաքրքրում, քանի դեռ այն չի սկսում ազդել երկրի տարածաշրջանային և արտաքին քաղաքականության վրա, հետևաբար, ԲՀԿ տապալումը
չի կարող ծրագրված լինել Ռուսաստանում: Մարտի 6-ին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ
զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ
Մինասյանը:
«Հայաստանի ներքաղաքական իրավիճակը Մոսկվային չի
հետաքրքրում, քանի դեռ երկրի հաշվեկշռված, երբեմն, նույնիսկ, ռուսաստանամետ
դիրքորոշումը չի փոխվել: Բացի այդ, Հայաստանի և Ռուսաստանի ներքաղաքական
դիմակայությունները դիտարկվում են որպես Արևմուտքի կազմակերպած սադրանքներ,
հետևաբար, անիմաստ է առաջ բերել նոր կոնֆլիկտներ, երբ դրանց ամեն րոպե սպասում
ես», - հայտարարել է նա:
Քաղաքական գործիչը նաև կարծում է, որ հենց ԲՀԿ վատ
հաշվարկները և շտապողական քայլերը տապալման հասցրեցին կուսակցությանը: «ԲՀԿ-ն իր
ռեսուրսներով և ներկայացվածությամբ արդեն այն կուսակցությունը չէ, ինչպիսին էր դեռ
հունվարին», - նշել է նա: Փորձագետն ընդսմին կարծում է, որ նոր առաջնորդ Նաիրա
Զոհրաբյանի կողմից ԲՀԿ ընդդիմություն հռչակելը նորություն չէ, քանի որ փետրվարի
5-ին ընդդիմադիր ուժերի համաժողովում Գագիկ Ծառուկյանի հրապարակած արտահերթ
ընտրությունների պահանջն արդեն ենթադրում էր գործողություններ ընդդիմադիր դաշտում:
«Եթե Ծառուկյանը դեռ 2012 թվականին չնահանջեր և, համախմբելով ընդդիմությունը,
մասնակցեր ընտրություններին, ապա այժմ մենք կունենայինք երկբևեռ դաշտ», - նշել է
Մինասյանը: Այդ համատքստում նա նաև ընդգծել է, որ իշխանությունը նույնպես թույլ է,
քանի որ չի վայելում հասարակության աջակցությունը:
Մինասյանը չի բացառել Ծառուկյանի վերադարձը մեծ
քաղաքականություն 2018 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին: «Ամեն ինչ
հնարավոր է, դեռ անցյալ տարի դժվար էր պատկերացնել, որ առաջին նախագահ Լևոն
Տեր-Պետրոսյանը և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող են միավորվել
ներքաղաքական պայքարի շրջանակում և սատարել միևնույն ուժին: Սակայն պետք է հաշվի
առնել քաղաքական գործչի հեղինակությունը, չէ որ Ծառուկյանը երկու անգամ նահանջել
է. սա խնդիր է, քանի որ նրա համար շատ դժվար կլինի երրորդ անգամ շահել ժողովրդի
վստահությունը», - նշել է նա:
Մարտի 5-ին ԲՀԿ արտահերթ համագումարում Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր ակտիվ քաղաքականությունից, կուսակցության ղեկավարի և ԲՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոններից հեռանալու մասին: ԲՀԿ նախագահի պաշտոնում նրան փոխարինել է կուսակցության
խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով հայտարարել է, թե ԲՀԿ այժ գործելու է
ընդդիմության ճամբարում: Նախօրեին կուսակցության շարքերը լքել են ԱԺ պատգամավոր,
նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Ավելի վաղ ԲՀԿ խմբակցությունից հեռացել էին ևս 7 պատգամավորներ: