Արմինֆո. ԵՄ-ը կշարունակի իր մասնակցությունը ապաԷսկալացման ջանքերին և հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի հետ սերտ համագործակցությանը՝ հակամարտության համապարփակ կարգավորման համար։ Այդ մասին հայտարարել են Հայաստանում Եվրամիության ներկայացուցչությունում՝ ԱրմԻնֆո-ի հարցմանն ի պատասխան։
Խմբագրության ճշտմանը, թե արդյոք իրականությանը համապատասխանում է այն տեղեկությունը, որ այս տարվա փետրվարին ԵՄ-ը նոր դիտորդական առաքելություն կուղարկի Հայաստան, այժմ՝ արդեն երկու տարի ժամկետով, պատվիրակությունում հիշեցրել են, որ Հայաստանի, Ադրբեջանի, Եվրոպայի խորհրդի և Ֆրանսիայի ղեկավարների կողմից Պրահայում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ձեռք բերված քառակողմ համաձայնագրին համապատասխան և բարձր ներկայացուցիչ Բորելի առաջարկով ԵՄ-ն արձագանքել է Հայաստանում դիտորդական ներուժի ստեղծմամբ (EUMCAP) ՝ տեղերում անվտանգության ոլորտի իրադարձությունները դիտարկելու համար:
"EUMCAP-ը Հայաստանում իր երկամսյա մանդատի ընթացքում ուղարկել է ԵՄ դիտարկման գծով 40 փորձագետ, որոնք իրականացրել են ավելի քան 175 պարեկություն, ինչը նպաստել է տեղերում իրավիճակի կայունացմանը։
Որպես Հարավային Կովկասում ԵՄ մասնակցության հաջորդ քայլ՝ ԵՄ-ը ներկայում տեղակայել է անցումային պլանավորման աջակցության խումբ, որը հող է նախապատրաստում Հայաստանում ԵՄ հնարավոր ավելի երկարաժամկետ առաքելության համար՝ տարածաշրջանում կայուն խաղաղությանը նպաստելու վերջնական նպատակով: ԵՄ-ը կշարունակի իր մասնակցությունը ապաԷսկալացման ջանքերին և հավատարիմ է երկու կողմերի հետ սերտ համագործակցությանը՝ հակամարտության համապարփակ կարգավորման համար", - ամփոփել են ԵՄ-ում։
Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 20-ին Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, որ Հայաստանում ԵՄ մոնիտորինգի խումբը, որը գործարկվել էր հոկտեմբերին, դեկտեմբերի 19-ին ավարտել է իր մանդատը։ Բորելը հիշեցրել էր, որ առաքելությունը մեկնարկել է հոկտեմբերի 20-ին ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Եվրոպայի խորհրդի եւ Ֆրանսիայի ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա ՝ տեղում իրավիճակի մոնիթորինգի, վերլուծության եւ հաշվետվության նպատակով: Խորհուրդը, համաձայնեցնելով Հայաստանի իշխանությունների հետ, որոշել էր, որ Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստան կուղարկի պլանավորման աջակցության ժամանակավոր խումբ, որպեսզի բարձրացնի ԵՄ-ի տեղեկացվածությունը անվտանգության իրավիճակի վերաբերյալ եւ իր ներդրումն ունենա երկրում անվտանգության եւ պաշտպանության ընդհանուր քաղաքականության քաղաքացիական առաքելության (CSDP) պլանավորման եւ նախապատրաստման գործում:
Նախօրեին "Ազատություն" ռադիոկայանը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ փետրվարի 20-ին Հայաստան կժամանի նոր դիտորդական առաքելություն, ենթադրաբար, երկու տարի ժամկետով, որը գործունեություն կծավալելի Հայաստանի ողջ տարածքում: Ենթադրվում է, որ առաքելության կազմում կընդգրկվի մի քանի հարյուր փորձագետ։