Արմինֆո. Այսօր հայ-ադրբեջանական սահմանին է գտնվում առաջին մոնիթորինգային առաքելությունը, որը կարողացել է ծավալվել սահմանի ողջ երկայնքով։ Այդ մասին հունվարի 13-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն՝ , պատասխանելով լրագրողների հարցին։
"Մենք հույս ունենք, որ կկարողանանք կրկին դիմել Եվրոպային, որպեսզի կարողանանք ևս մեկ առաքելություն բերել և տեղակայել տեղում։ Բնական է, որ բանակցությունները շարունակվում են։ Սա այն դիրքորոշումն է, որը պաշտպանում Է Ֆրանսիան։ Բայց անհրաժեշտ է, որ ԵՄ անդամ յուրաքանչյուր երկիր համաձայն լինի այդ դիրքորոշմանը։ Այսօր Ֆրանսիան չի փոխարինում ԵՄ-ին երկու երկրների սահմաններում", - ասել է նա։
Ինչ վերաբերում է փաստահավաք առաքելություն Արցախ ուղարկելուն, տիկին Բրաուն-Պիվեն նշել է, որ չգիտի, թե արդյոք նման դիմում եղել է ՀՀ կառավարության կողմից:
Այս առնչությամբ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հավելել է, որ նման առաքելության համար անհրաժեշտ է նաև Ադրբեջանի համաձայնությունը: Նա նաև հավելել է, որ Ֆրանսիան Հայաստանին պետք է որպես միջնորդ, այլ ոչ թե՝ կողմ։ "Ֆրանսիան առանց այդ էլ անում է հնարավորը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերը պաշտպանելու համար", - ասել է ՀՀ ԱԺ նախագահը: