
Հուլիսի 12-19-ը Երևանում կընթանա «Ոսկե ծիրան» 12-րդ
միջազգային փառատոնը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում պատմել է «Ոսկե
ծիրանի» ծրագրերի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը, այս տարի փառատոնի շրջանակում
կընթանա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված առանձին ծրագիր, որի
ընթացքում, մասնավորապես, կցուցադրվեն 1915
թվականի ողբերգությանը, ինչպես նաև այլ ցեղասպանություններին նվիրված
խաղարկային և վավերագրական ֆիլմեր: Նրա ասելով, այդ կինոժապավենների ռեժիսորներն
արդեն հրավիրվել են փառատոնին:
Ծրագրի շրջանակում Հայոց ցեղասպանության
թանգարան-ինստիտուտում նախատեսվում է կլոր սեղանի անցկացում, որի ընթացքում
կքննարկվեն կինոյի միջոցով պատմական փստերը ներկայացնելու հարցեր: Մովսիսյանը չի
բացառել, որ կլոր սեղանի մասնակիցների կարծիքները հետագայում հրատարակվեն առանձին
ժողովածուով:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված
ծրագիրը կներառի, ընդհանուր առմամբ, շուրջ 30 ֆիլմ: Այսպես, «Ոսկե ծիրանի» շրջանակում
կցուցադրվի Ցեղասպանության վերաբերյալ հոլիվուդյան «Բռնաբարված Հայաստան» համր
ֆիլմից պահպանված 24 րոպեանոց հատվածը: Ֆիլմը 1919 թվականին նկարահանել է Օսկար
Ափֆելը:
Չի բացառվում, որ փառատոնի ընթացքում կայանա ֆրանսահայ
ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Մի խելագարի պատմություն» ֆիլմի պրեմիերան:
Այս տարի «Ոսկե ծիրանը» հանդիսատեսի դատին կներկայացնի
նաև իր ավանդական ծրագիրը` հայտնի ռեժիսորների ֆիլմերի հետադարձ ցուցադրությունը,
վարպետության դասերը, «Երևանյան պրեմիերաները»:
Կընտրվեն հաղթողներ «Խաղարկային կինո», «Վավերագրական կինո», «Հայկական
համայնապատկեր», «Ծիրանի կորիզ» անվանակարգերում:
«Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնին
մասնակցկության հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 15-ը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Երևանի «Ոսկե ծիրան» 11-ր միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին և FIPRESC
պարգևի է արժանացել ուկրաինացի ռեժիսոր Միրոսլավ Սլաբոշպիցկու «Ցեղը» ֆիլմը: Լավագույն վավերագրական ֆիլմ
է ճանաչվել իտալացի ռեժիսոր Ջիովանի Դոնֆրանչեսկոյի «Քարե գետը» ֆիլմ: «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակին է արժանացել պաղեստիցնի ռեժիսոր Օմար Ռոբերտ Համիլթոնի «Թեև գիտեմ, որ գետը չորացել է» ֆիլմը: «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում «Ոսկե ծիրան» մրցանակի են արժանացել հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» և Վահրամ Մխիթարյանի «Կաթնեղբայր» ֆիլմերը: Էկումենիկ մրցույթում գլխավոր մրցանակի է արժանացել հայ ռեժիսոր Լուսինե Սարգսյանի «Շքամուտքը» ֆիլմը: