Արմինֆո.Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը, որի պատճառով Լեռնային Ղարաբաղի բնակիչները մնացել են առանց առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների հասանելիության։ Այս մասին ասվում է Amnestypress-ի թվիթերյան հաղորդագրությունում։
"Պետք է ապահովվի տեղաշարժի ազատությունը եւ տուժածների տնտեսական եւ սոցիալական իրավունքների պաշտպանությունը", - ընդգծվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Իր հերթին՝ ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը փաստել է, որ Ալիևը շարունակում է ստել միջազգային հանրությանը Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման մասին։ "Ակնհայտ ապացույցներ կան, որ դա հումանիտար ճգնաժամ է առաջացնում Արցախում՝ արգելափակելով կրիտիկական անհրաժեշտության սննդամթերքի և դեղորայքի առաքումը քաղաքացիական բնակչությանը", - ընդգծել է նա իր թվիթերյան էջում։
Միեւնույն ժամանակ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ դեկտեմբերից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը ՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց սննդի, բժշկական սպասարկման և առաջին անհրաժեշտության այլ պարագաների հասանելիության։ "Այդ գործողություններն անմարդկային են և անընդունելի։ Ես միանում եմ իմ գործընկերներին ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել շրջափակումը", - գրել է նա։