Արմինֆո. Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խաղաղապահների առաքելության տեղակայումը հնարավոր է միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի երեկվա հայտարարությունը։
"Աշխատանքային, տարբեր մակարդակներում անընդհատ շփումներ են ընթանում։ Անշուշտ, այս թեման բազմիցս եղել է օրակարգում։ Սակայն հասկանալի է, որ ցանկացած առաքելություն կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ", - ասել է Պեսկովը։
Նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ: ՀՀ վարչապետը նշել էր, որ Երեւանին պետք է ոչ միայն դիմում, այլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշում: "Մենք ասել ենք, որ եթե Ռուսաստանը չի կարող կատարել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման գործառույթը, ապա կարող ենք դիմել ՄԱԿ - ի Անվտանգության խորհրդին՝ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ խմբավորում ուղարկելու համար", - ասել էր նա: