Արմինֆո. Երկրի տարածքում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացման աննպատակահարմարության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կպարզաբանվի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
"Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ գծով գործընկերները կապի մեջ կլինեն, կպարզաբանեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները", - ասել է նա՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին: Պեսկովն ընդգծել է, որ Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը, ուստի երկկողմ երկխոսությունը կշարունակվի ՝ չնայած որոշ հարցերի լուծման դժվարություններին:
Ավելի վաղ ՀԱՊԿ միացյալ շտաբը ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկատվություն էր ստացել 2023 թվականին կազմակերպության խաղաղապահ ուժերի հետ զորավարժության աննպատակահարմարության մասին: Այժմ ուսումնասիրվում է այդ զորավարժությունը մեկ այլ երկրում անցկացնելու հնարավորությունը, հաղորդում է «ԻնոՍՄԻ»-ն։
Նշենք, որ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը նպատակահարմար չի գտնում 2023 թվականին Հայաստանում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը՝ "այս պայմաններում"։ Վարչապետի խոսքով, որոշակի թյուրիմացություն կա, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարն արդեն տեղեկացրել է ՀԱՊԿ միացյալ շտաբին, որ հայկական կողմը նպատակահարմար չի գտնում այս տարի զորավարժություններ անցկացնել Հայաստանում: "Այդ զորավարժությունները, համենայն դեպս, այս տարի չեն կայանա", - հայտարարել է Փաշինյանը։