Արմինֆո. ՀԱՊԿ-ի հետ բանակցությունների վերջնաժամկետ կլինի այն ժամանակ, երբ կողմերը կհասկանան, որ բանակցություններն անօգուտ են։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե՝ Հայաստանը, հրաժարվելով ՀԱՊԿ-ից, փաստորեն, մնում է միայնակ։
"Այս պահին ես չեմ կարծում, որ բանակցություններն անօգուտ են։ Դատելով ըստ ամենայնի՝ նույն դիրքորոշումն ունեն նաև մեր գործընկերները։ Այլ հարց է, որ ցանկացած պահի թե մեր, թե մեր գործընկերների գնահատականները կարող են փոխվել", - ասել է վարչապետը։
Խոսելով ՀԱՊԿ երկրների հետ առկա տարաձայնությունների ֆոնին Արևմուտքի հետ հարաբերությունների մասին ՝ կառավարության ղեկավարը նշել է, որ Արևմուտքը ինչ-որ միասնական կառույց չէ։ Կան պետություններ, որոնց հետ Հայաստանն ակտիվ հարաբերություններ ունի, այդ թվում՝ Եվրոպական Միության, և ԵՄ շատ երկրների, ԱՄՆ-ի հետ։ «Մենք կշարունակենք նրանց հետ հարաբերությունների այս բնական զարգացումը: Շատ կարևոր է, որ Պրահայի հանդիպման արդյունքներով որոշում է կայացվել ԵՄ մոնիթորինգային խումբ ուղարկել Հայաստանի սահմաններ, և մենք կարծում ենք, որ նման բնույթի համագործակցությունը շարունակվելու է, և ԵՄ-ն շարունակելու է իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման գործում", - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: