Արմինֆո.Հայաստանը չի հավակնում որոշել Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե՝ արդյոք ՀՀ-ն շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը։
Ինչպես նշել է վարչապետը, 2018 թվականից Հայաստանի կառավարության դիրքորոշումն այն է, որ Հայաստանի կառավարությունը չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը։ "Բանակցությունների շրջանակներում մենք չենք հավակնում որոշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը։ Մենք բանակցություններ ենք վարում Ստեփանակերտի և Բաքվի միջև տեսանելի երկխոսություն հաստատելու անհրաժեշտության շուրջ", - պարզաբանել է նա։
Փաշինյանը հիշեցրել է, որ հենց Երեւանի համաձայնությամբ է այնտեղ մտցվել ռուսական խաղաղապահ զորակազմ։ ՀՀ և ՌԴ ՊՆ ղեկավարները ստորագրել են նաև խաղաղապահների մանդատի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ: "Դրանով իսկ Հայաստանի Հանրապետությունը կատարում է անվտանգության երաշխավորի դերը", - ընդգծել է վարչապետը:
Զարգացնելով այդ միտքը՝ նա նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, իսկ ՀՀ անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է։ "Այսօր մեր խնդիրն է աջակցել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հայերը շարունակեն ապրել Լեռնային Ղարաբաղում, շարունակեն մնալ հայ, իրենց համարեն հայ, ղարաբաղցի, արցախցի և անվտանգ միջավայրում ապրելու հնարավորություն ունենան: Մեծ հաշվով, 2018 թվականից մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանի կառավարությունը չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրն ու հարաբերությունները։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքը պետք է որոշի և պետք է շփումներ ունենա, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների հետ", - ասել է Նիկոլ Փաշինյանը։