Արմինֆո.ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կրկին կոչ է արել ապահովել ազատ եւ անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով: Այդ մասին հաղորդել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։
"Գլխավոր քարտուղարը ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտահոգություն է հայտնել 2022 թվականի դեկտեմբերի 14-ի իր հայտարարությունում։ Այս մտավախություններն արտահայտել է նաև քարտուղարությունը 2022 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի խնդրանքով հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում։ Գլխավոր քարտուղարը վերահաստատում է լարվածությունը թուլացնելու և միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժն ապահովելու իր կոչերը ՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների, նա իր աջակցությունն է հայտնում միջնորդական ջանքերին", - "Արմենպրես" - ի հարցմանն ի պատասխան ասել է Դյուժարիկը, անդրադառնալով այն փաստին, որ Ադրբեջանն արդեն չորս շաբաթ փակ է պահում Լաչինի միջանցքը, որի արդյունքում Արցախում հումանիտար ճգնաժամ է սկսվել, և շուրջ 120 000 բնակիչ հայտնվել է շրջափակման մեջ: