Արմինֆո.Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցությունը չպետք է խախտի ուժերի հաշվեկշիռն Անդրկովկասում։
Այդ մասին դեկտեմբերի 29-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան թուրքական պաշտպանական գերատեսչության ղեկավարի այն հայտարարությանը գնահատական տալու խնդրանքի, թե՝ մինչև 2025 թվականը Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է համապատասխանի թուրքական բանակի ռազմական պատրաստության մակարդակին։
"Մենք արդեն ասել ենք, որ յուրաքանչյուր երկիր ունի այլ պետությունների հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացնելու իր ինքնիշխան իրավունքը։ Ընդ որում, մենք կանոնավոր կերպով տարածաշրջանի գործընկերներին հիշեցնում ենք այն թեզը, որ նման փոխգործակցությունը տարածաշրջանում չպետք է ուղղված լինի երրորդ երկրների դեմ եւ չպետք է խախտի Անդրկովկասում ուժերի ստեղծված հաշվեկշիռը։ Դա հավասարապես վերաբերում է նաև այս իրավիճակին", - ամփոփել է Զախարովան։
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ նպատակ է դրված մինչեւ 2025 թվականը ադրբեջանական բանակի մակարդակը բարձրացնել մինչեւ Թուրքիայի ԶՈՒ մակարդակ։ Նրա խոսքով, մինչ այդ Ադրբեջանի զինված ուժերը պետք է համապատասխանեն թուրքական բանակի բոլոր պահանջներին եւ չափանիշներին: Աքարն ընդգծել էր, որ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը դառնում են միասնական օրգանիզմ և իրականացնելու են երկու երկրների առջև ծառացած ընդհանուր խնդիրները։