Արմինֆո. Այս տարվա գարնանը Երևանում ստեղծված Ուկրաինայից փախստականների օգնության հիմնադրամը՝ Dopomoga.am-ը, իր գործունեության ընթացքում հասցրել է օգնություն ցուցաբերել պատերազմի պատճառով Ուկրաինայից հեռացած 1500 փախստականների։ Այդ մասին հաղորդել է կազմակերպության նախագահ Ելենա Շևչուկը՝ Հրանտ Մաթևոսյանի թանգարանամշակութային կենտրոնում տեղի ունեցած սուրբծննդյան երաժշտական երեկոյի հարթակներում։
Բացի այդ, նա ընդգծել է, որ փախստականների համար անցկացվել են ավելի քան 400 միջոցառումներ, այդ թվում՝ տարբեր սեմինարներ / ուսումնական դասընթացներ, երեկոներ, համերգներ, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվել մասնակցելու տարբեր փառատոնների։
Համերգի ընթացքում Ելենա Շևչուկը շնորհակալագրեր է հանձնել բոլոր սրտացավ կամավորներին, ովքեր դարձել են հիմնադրամի թիմի մի մասը և օգնել բոլոր միջոցառումների իրականացմանը և անօթևան մարդկանց խնդիրների լուծմանը: Նա հատուկ շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան վարչությանը՝ ի դեմս աշխատակցուհի Անահիտ Հայրապետյանի, և Հայաստանում Ուկրաինայի դեսպանությանը։
«Դա աներևակայելի մեծ աշխատանք է: Մարդկանց հսկայական խումբ, ովքեր գալիս են մեր շտաբ, պարզապես, այն պատճառով, որ այդպես են զգում։ Կա ինչ-որ անտեսանելի թել, որը կապում է մեզ բոլորիս ՝ դա սերն է Ուկրաինայի հանդեպ։ Սիրեք միմյանց, սիրեք Ուկրաինան, և Աստված տա, որ ավելի արագ խաղաղություն լինի", - ասել է հիմնադրամի ղեկավարը։
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանում Ուկրաինայի դեսպանության խորհրդական Վիկտոր Գոնչարը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնաժողովի հայաստանյան բյուրոյի ներկայացուցչի պաշտոնակատար Անդրեյ Արյուպինը և այլոք:
Նշենք, որ համերգի մասնակիցներն էին երաժիշտներ և կատարողներ Հայաստանից և Ուկրաինայից, այդ թվում ՝ Յուրի Իվոլգան, Էվա Ոսկանյանը, Բոբ Կրումինշը, Guitar & Violin Covers գործիքային դուետը (Անի և Հրանուշ Արաբյան):
Հիշեցնենք, որ օգնության Dopomoga.am հիմնադրամը (ուկրաիներեն <դոպոմոգա> նշանակում է <օգնություն> - խմբ.) գործում է Երևանի Տպագրիչների 5 հասցեում։ Ս. թ. հոկտեմբերին հիմնադրամը հայտարարեց շելթերի բացման մասին՝ Ուկրաինայից փախստականների համար, որոնք հայտնվել են դժվարին կացության մեջ։