Արմինֆո.Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անընդունելի է համարում Ռուսաստանի Դաշնության եւ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հասցեին քննադատությունը՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի շրջափակման ֆոնին:
Դեկտեմբերի 29-ին կայացած ճեպազրույցի ընթացքում պատասխանելով համապատասխան հարցին՝ Զախարովան, մասնավորապես, ասել է. "Ինչ վերաբերում է Ռուսաստանի, ռուսական խաղաղապահ զորակազմի հասցեին քննադատությանը, ապա տվյալ իրավիճակում այն անընդունելի է։ Մենք բազմիցս ասել ենք, որ ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ՝ գետնի վրա իրավիճակը կարգավորելու համար։ Ոչ մի հրապարակային հարձակում չի օգնում, եղել են ավելի վատ իրավիճակներ։ Աշխատում ենք, որ այս իրավիճակը բարելավվի"։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա այն հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին, որ՝ եթե ՌԴ-ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով ի վիճակի չէ Լեռնային Ղարաբաղում կայունություն ապահովել, ապա թող Մոսկվան ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկումներ նախաձեռնի ՌԽԶ-ին ՄԱԿ-ի մանդատով օժտելու վերաբերյալ, կամ էլ թող լրացուցիչ միջազգային խաղաղապահ զորակազմ մտցվի, Զախարովան, մասնավորապես, ասել է. "Ես հակընդդեմ հարց ունեմ։ Ինչ-որ մեկը կարո՞ղ է պատասխանատվությամբ ասել, հետագայում պատասխանատվություն կրելով, որ առանց խաղաղապահ զորակազմի ավելի լավ կլիներ: Կարծում եմ ՝ պատասխանն ակնհայտ է։ Կարելի է որքան ասես խոսել այն մասին, որ կարելի է բարձրացնել արդյունավետությունը և այլն։ Բայց նման բաներ ասելն ու հայտարարելը, պարզապես, գետնի վրա իրականությունը չհասկանալ է"։
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին այդ գործընթացում ներգրավելու և Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հնարավորությանը ՝ Զախարովան նշել է, որ օդանավակայանի հարցն իրենց իրավասության մեջ չէ։ "Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ-ին, ապա ես ձեզ կհիշեցնեմ, թե ով է արգելափակել նրա գործունեությունը։ Դա Ռուսաստանը չէր։ Մենք չենք արգելափակել նրա աշխատանքը, և այդ կառույցի գործունեության վերաբերյալ ավելի վաղ հարցազրույցներից մեկում ասել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Դրան ավելացնելու ոչինչ չկա", - ամփոփել է Զախարովան։