Արմինֆո. Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տրամադրելու, ինչպես նաև միջազգային ուժերի հնարավոր ներգրավման համար անհրաժեշտ է և Հայաստանի, և Ադրբեջանի համաձայնությունը։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի այսօրվա հայտարարություններին։
"Միջազգային խաղաղապահներ կարող են ներգրավվել, եթե կա հակամարտության երկու կողմերի համաձայնությունը։ Եվ դա ոչ միայն Հայաստանն է, այլեւ՝ Ադրբեջանը", - ընդգծել Է Պեսկովը։
Անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների պետերբուրգյան հանդիպմանը՝ Պեսկովը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին մանրամասն քննարկել են Լաչինի միջանցքի թեման, Ռուսաստանը մտահոգված է տարածաշրջանում առկա լարվածությամբ:
Նա նշել է, որ Ռուսաստանը շարունակելու է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը։
"Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է եւ մտադիր է հետագայում եւս շարունակել իր միջնորդական ջանքերը, կատարելով, առաջին հերթին, այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հիմունքներով", - ասել է Կրեմլի ներկայացուցիչը, հաղորդում Է "ՌԻԱ Նովոստին":
Պեսկովն ընդգծել է, որ ռուսական կողմը շարունակելու է իր աշխատանքն ու ջանքերը՝ ինչպես Երեւանի, այնպես էլ Բաքվի հետ շփումներում:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 29-ին կառավարության նիստում հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմը պետք է հանդես գա Լաչինի միջանցքի իրավիճակի վերաբերյալ հստակ պարզաբանմամբ: "Այս պայմաններում իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գա Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը և Ռուսաստանի Դաշնությունը, որն անվտանգային կոնկրետ պարտավորություններ է ստանձնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի առաջ: Ո՞րն է իրադրության Ռուսաստանի Դաշնության գնահատականը: Ո՞րն է Լաչինի միջանցքը վերականգնելու նրա պլանը և ճանապարհային քարտեզը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի հանրությունն սպասում է Ռուսաստանի Դաշնությունից, որը, հիշեցնեմ, նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է: Եթե Ռուսաստանի Դաշնությունն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, կարծում եմ՝ ինքը պիտի քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի:
Նման հարցադրում ծագում է նաև այն պատճառով, որ Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժելու առաջին դեպքը չէ: Սրան նախորդել են Փառուխի իրադարձությունները 2022 թվականի մարտին և Խծաբերդի իրադարձությունները 2020 թվականի դեկտեմբերին, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության շուրջ երեք տասնյակ քաղաքացիներ շարունակում են մնալ գերեվարված: Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանք է պատրաստում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, և իրադրության զարգացումները հրատապ պատասխանի սպասող հարցեր են բարձրացնում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված: Պիտի անկեղծ ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայության համոզված կողմնակիցն է և այդ ներկայության ջատագովը: Բայց մեզ համար անընդունելի է Լեռնային Ղարաբաղի հայաթափման լուռ վկա դառնալու Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը", - հայտարարել է նա։