Արմինֆո.Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած օպերատիվ շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանը վերաբերող հարցեր:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, պետնախարար Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ճանապարհը շարունակում է փակ մնալ, և արդեն խնդիրներ են սկսել առաջանալ նաև տնտեսական ոլորտում: Մի շարք հիմնարկ-ձեռնարկություններ ստիպված են դադարեցնել իրենց գործունեությունը, ինչը լրացուցիչ լարվածություն է առաջացնում թե՛ ֆինանսական, թե՛ սոցիալ-տնտեսական առումով: Պետնախարարը հանձնարարել է վերլուծել իրավիճակը և դրա հետևանքների հնարավոր մեղման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել:
Զեկուցվել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը, ներկայացվել են խնդիրները: Քննարկվել են տարբեր սցենարների դեպքում բնակչությանն առաջնային անհրաժեշտության ապրանքներով ապահովվածությանը, ինչպես նաև համապատասխան կարգավորումների ներդրման հնարավորություններին առնչվող հարցեր:
Ներկայացվել է իրավիճակը նաև էներգամատակարարման, ջրամատակարարման և ենթակառուցվածքների ոլորտներում: Այս համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով կարևորվել է խնայողական ռեժիմի պահպանման շարունակությունը:
Նշենք, որ դեկտեմբերի 12-ին ՝ առավոտյան ժամը 10:30-ին, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին ՝ կրկին "բնապահպանական պատճառներով": Ճանապարհը փակ է մնում մինչ օրս։ Բացի այդ, դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը փակել էր նաեւ գազատարի փականը, որով գազ է մատակարարվում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Գազամատակարարումը վերականգնվել է երեք օր անց։ Հատկանշական է, որ բնապահպանական պահանջներից հետո Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակած ադրբեջանցիները հնչեցրել են նաև քաղաքական պահանջ՝ Արցախի Հանրապետության ողջ տարածքում Ադրբեջանի ՆԳՆ և պետական անվտանգության ծառայության վերահսկողություն ու գործունեություն։ Հավելենք, որ, այսպես կոչված, բնապահպանների կողմից առաջին սադրանքները սկսվել են դեկտեմբերի 3-ին ՝ Արցախը Հայաստանին կապող Բերձորի (Լաչինի) միջանցքի փակմամբ։ Իսկ արդեն դեկտեմբերի 10 - ին մի խումբ ադրբեջանցիներ փորձել էին մուտք գործել ԼՂՀ-ում գործող երկու հանքավայր, սակայն ղարաբաղցիները թույլ չէին տվել մտնել հանքեր։ Ընդգծենք, որ դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել մեծ հանրահավաք ՝ կյանքի ճանապարհը բացելու պահանջելով։ Հանրահավաքին, որոշ հաշվարկներով, եղել է մինչեւ 70 հազար մարդ ։ Ընդհանուր առմամբ, հանրապետությունում բնակվում է մոտ 120 հազար քաղաքացի։