Արմինֆո. Հայաստանը երեք հորիզոնականով բարելավել է իր ցուցանիշները 2022 թվականի Խաղաղասիրության համաշխարհային ինդեքսում (Global Peace Index)։
Վարկանիշի համաձայն, Հայաստանը 83-րդ հորիզոնականում է՝ Ջամայկայի և Մադագասկարի միջեւ. խաղաղասիրության միջին մակարդակ ունեցող պետությունների շարքում է և ինտերակտիվ քարտեզի վրա նշված է դեղին գույնով։
Հարևան Վրաստանը նույնպես խաղաղասիրության միջին մակարդակ ունեցող երկրների շարքում է։ Այն գտնվում է 95-րդ հորիզոնականում ՝ 9 կետով վատթարացնելով իր դիրքերը նախորդ տարվա համեմատ։ Հայաստանի մյուս երեք հարեւանները խաղաղասիրության ցածր մակարդակ ունեցող երկրների թվում են ։
Այսպես, Ադրբեջանը նահանջել է 8 հորիզոնականով ՝ զբաղեցնելով 128-րդ հորիզոնականը խաղաղասիրության ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում։ Թուրքիան 145 հորիզոնականում է: Որքան էլ ֆենոմենալ հնչի, բայց, չնայած միջազգային ասպարեզում բավական ագրեսիվ թուրքական քաղաքականությանը, վարկանիշում այն 5 կետով բարելավել է իր դիրքերը։ Իրանը 142 - րդ հորիզոնականում է. արձանագրվել է դիրքերի բարելավում երկու կետով։
Հայաստանի դաշնակից Ռուսաստանը գրեթե եզրափակում է վարկանիշը, այն խաղաղասիրության շատ ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում է ։ Ռուսաստանը 160-րդ հորիզոնականում է՝ իջնելով 5 հորիզոնական։ Առավել ոչ խաղաղասերները, ըստ վարկանիշի, Աֆղանստանն է (163), Եմենը (162) և Սիրիան (161):
Խաղաղասեր երկրների առաջատար հնգյակում են Իսլանդիան, Նոր Զելանդիան, Իռլանդիան, Դանիան և Ավստրիան։
Սա խաղաղասիրության համաշխարհային ինդեքսի (GPI) 16-րդ հրատարակությունն է, որում 163 անկախ պետություններ և տարածքներ գնահատվում են ըստ իրենց խաղաղասիրության մակարդակի: Տնտեսագիտության և խաղաղության ինստիտուտի (IEP) կողմից մշակված GPI-ն համաշխարհային խաղաղության առաջատար ցուցանիշն է: Այդ զեկույցը ներկայացնում է խաղաղության միտումների, դրա տնտեսական արժեքի և տվյալների հիման վրա խաղաղ հասարակությունների զարգացման ուղիների մինչ օրս առավել ամբողջական վերլուծությունը:
GPI-ն ընդգրկում է 163 երկիր, որտեղ բնակվում է աշխարհի բնակչության 99,7% - ը, օգտագործելով հեղինակավոր աղբյուրներից ստացված 23 որակական և քանակական ցուցանիշներ, և չափում է աշխարհի վիճակը երեք ուղղություններով՝ հանրային անվտանգության մակարդակ; շարունակվող ներքին և միջազգային հակամարտության աստիճանը; և ռազմականացման աստիճանը։ Բացի 2022 թվականի GPI-ի հետեւությունների քննարկումից, հաշվետվությունը ներառում է Ուկրաինայում ռազմական հակամարտության վերլուծություն։ Այն ընդգրկում է ռազմական ծախսերի հավանական աճը, պատերազմում օգտագործվող և նոր տեխնոլոգիաների տեսակները, դրանց ազդեցությունը սննդամթերքի գների և համաշխարհային առաքման ուղիների վրա: Հաշվետվությունը պարունակում է նաև ողջ աշխարհում բռնության դրսեւորումների ցույցերի ավելի խորը վերլուծություն:
Այս տարվա արդյունքները ցույց են տվել, որ համաշխարհային խաղաղասիրության միջին մակարդակը վատթարացել է 0,3 տոկոսով։ Չնայած աննշան, սա վերջին տասնչորս տարիների ընթացքում խաղաղասիրության վիճակի տասնմեկերորդ վատթարացումն է. 90 երկիր բարելավվում է, 71-ը վատթարանում է, իսկ երկուսը կայուն են մնում խաղաղասիրության առումով, ինչը վկայում է այն մասին, որ երկրները, որպես կանոն, հակված են ավելի արագ վատթարացման, քան՝ բարելավման:
Զարմանալի չէ, որ խաղաղասիրության առավել վատթարացում ունեցող հինգ երկրներից երկուսը Ռուսաստանն ու Ուկրաինան են, որոնց միացել են Գվինեան, Բուրկինա Ֆասոն և Հաիթին։ Այդ բոլոր վատթարացումները պայմանավորված էին շարունակվող հակամարտությամբ: Եվրոպան աշխարհի ամենախաղաղ տարածաշրջանն է, որտեղ գտնվում են տասը ամենախաղաղասեր երկրներից յոթը։ Աշխարհի ինը շրջաններից հինգը վերջին մեկ տարվա ընթացքում ավելի խաղաղ են դարձել։ Ամենամեծ բարելավումները տեղի են ունեցել Հարավային Ասիայի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում: Հարավային Ասիայի արդյունքը պայմանավորված էր ընթացիկ հակամարտությունների ոլորտում զգալի բարելավմամբ, քանի որ շատ երկրներում ներքին հակամարտությունների հետևանքով մահացությունների թվի նվազում է տեղի ունեցել: