Արմինֆո.Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:
Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայնության հարցերի:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, ներառյալ՝ հումանիտար հետևանքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար:
Նշենք, որ դեկտեմբերի 12-ին ՝ առավոտյան ժամը 10:30-ին, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ կրկին "բնապահպանական պատճառներով": Ճանապարհը փակ է մնում մինչ օրս։ Բացի այդ, դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը փակել էր նաեւ գազատարի փականը, որով գազ է մատակարարվում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Գազամատակարարումը վերականգնվել է երեք օր անց։ Հատկանշական է, որ բնապահպանական պահանջներից հետո Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակած ադրբեջանցիները հնչեցրել են նաև քաղաքական պաահաանջ՝ Արցախի Հանրապետության ողջ տարածքում Ադրբեջանի ՆԳՆ և պետական անվտանգության ծառայության վերահսկողություն ու գործունեություն։
Հավելենք, որ, այսպես կոչված, բնապահպանների կողմից առաջին սադրանքները սկսվել են դեկտեմբերի 3-ին ՝ Արցախը Հայաստանին կապող Բերձորի (Լաչինի) միջանցքի փակմամբ։ Անցած շաբաթվա ընթացքում թշնամական կողմը պարբերաբար տարատեսակ սադրանքներ է ձեռնարկել ինչպես ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների, այնպես էլ խաղաղ բնակչության նկատմամբ: Իսկ արդեն դեկտեմբերի 10 - ին մի խումբ ադրբեջանցիներ փորձել են մուտք գործել ԼՂՀ-ում գործող երկու հանքավայր, սակայն ղարաբաղցիները թույլ չեն տվել մտնել հանքեր։