Արմինֆո. Բերձորի (Լաչինի) միջանցքով երթևեկությունը պետք է անհապաղ վերականգնվի՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացում թույլ չտալու նպատակով։ Այդ մասին ասվում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հայտարարությունում։
"Ես ուշադիր հետեւում եմ դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքով անցնող ճանապարհը փակելուց հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ես մտահոգված եմ այն առնչությամբ, որ մարդկանց տեղաշարժի երկարատեւ խափանումները, որոնք թույլ չեն տալիս նրանցից ոմանց հասնել իրենց տները, ինչպես նաեւ առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների հասանելիության խաթարումը՝ ներառյալ սննդամթերքը եւ անհետաձգելի բժշկական օգնությունը, սպառնում են Լեռնային Ղարաբաղի բնակչության մարդու իրավունքների ապահովմանը", - այսօր հայտարարել է Դունյա Միյատովիչը:
Նրա խոսքով ՝ հասարակական կարգի պահպանման եւ միջանցքի անվտանգության պատասխանատուները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ այդ ճանապարհով երթեւեկությունն անհապաղ վերականգնելու եւ հումանիտար իրավիճակի վատթարացում թույլ չտալու համար: "Բացի այդ, բոլոր համապատասխան շահագրգիռ կողմերը պետք է խուսափեն իրավիճակի սրումից։ Ներկա իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս մարդասիրական օգնության և միջազգային իրավապաշտպան առաքելությունների ազատ և անարգել հասանելիության ապահովման կարևորությունը բոլոր շրջաններում և մարդկանց, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղում բնակվողների համար: Ինչպես ես նշել եմ 2021 թվականի իմ հուշագրում, համապատասխան մարմինները պետք է մշակեն հասանելիության արդյունավետ և ճկուն եղանակներ, որոնք թույլ տան բոլոր համապատասխան կողմերին, ներառյալ իմ վարչությանը, առաջնահերթ կարգով դիմել նրանց, ովքեր մարդասիրական օգնության և մարդու իրավունքների պաշտպանության կարիք ունեն", - նշել է Միյատովիչը։
Ընդ որում, նա ընդգծել է, որ, որպես մարդու իրավունքների հանձնակատար, շարունակելու է մեծ ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակին ։
"Ես պատրաստ եմ փոխգործակցել բոլոր համապատասխան զրուցակիցների հետ՝ առկա խնդիրների հաղթահարմանն աջակցելու նպատակով", - ամփոփել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը: