Արմինֆո.Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, վարչապետը, մասնավորապես, նշել է, որ նախորդ շաբաթվանից ի վեր Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամը չի հանգուցալուծվել, բացառությամբ թերևս մի բանի՝ վերականգնվել է Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարումը:
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված: Հարյուրավոր ընտանիքներ շարունակում են կիսված մնալ՝ ակամա հայտնված լինելով շրջափակման տարբեր կողմերում: Լեռնային Ղարաբաղում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների, այդ թվում՝ պարենի դեֆիցիտ է նկատվում:
Լաչինի միջանցքը փակելու Ադրբեջանի գործողություններն ապօրինի են և կոպտորեն խախտում են նրա ստանձնած միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները: Հայտարարության 6-րդ կետի համաձայն, ինչպես ասել եմ բազմիցս, Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, և ադրբեջանական հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը: Այս դրույթն այսօր փաստացի չի իրագործվում:
Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Իհարկե, նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա և մասնավորապես՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը», - հայտարարել է Փաշինյանը:
Նա նաեւ հիշեցրել է, որ կառավարության նախորդ նիստում արձանագրել էր մեր հավաքական ջանքերի կարևորությունը Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապօրինի շրջափակելու փաստի միջազգային տեսանելիությունը մեծացնելու համար: «Եվ մենք տեսնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը բավականին մեծ միջազգային արձագանք է ստացել: Նախորդ օրը կարևորագույն քննարկում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս հարցի վերաբերյալ: Տարբեր երկրներ և միջազգային կազմակերպություններ շարունակում են հստակ գնահատական հնչեցնել ստեղծված իրավիճակին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել հստակ գնահատական հնչեցրած բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին: Շնորհակալություն եմ հայտնում նաև հայաստանյան և սփյուռքի այն կազմակերպություններին և անհատներին, մասնագիտական խմբերին, ովքեր ջանքեր են գործադրում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի միջազգային տեսանելիության աճի համար:
Մեր միասնական ջանքերն այս ուղղությամբ պետք է ավելի մեծացնենք: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում միջազգային հանրության ակտիվությունը պետք է էականորեն մեծանա: Ակտիվորեն պետք է աշխատել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ», - ընդգծել է վարչապետը: