Արմինֆո. ՀԱՊԿ-ը չի պատրաստվում հեռանալ Հայաստանից. Այս մասին հայտարարել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ Մոսկվա - Աստանա - Բիշքեկ - Երևան - Մինսկ տեսակամրջի ժամանակ ՝ ի պատասխան Հայաստանից կազմակերպության հեռանալու հնարավորության մասին հարցին։
"Իհարկե ոչ։ Այն միջոցառումները, որոնք այս տարի անցկացվել են, վկայում են դրա մասին։ Երեք անգամ պետությունների ղեկավարները հավաքվել են, քննարկել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ ՀԱՊԿ-ի առաքելություն է ուղարկվել սահման՝ կրիտիկական հատվածներ։ Մշակվել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումների մասին որոշման նախագիծ։ ՀԱՊԿ - ի կողմից բոլոր անհրաժեշտ քայլերն այս իրավիճակում ձեռնարկվել են", - հավաստիացրել է գլխավոր քարտուղարը, հիշեցնելով, որ ինքն էլ է եղել առաքելության կազմում։
Նա խոստովանել է, որ իր այցի ընթացքում եւս մեղադրանքներ է լսել հայ պաշտոնյաների կողմից, թե ինչու չեն ժամանել եւ չեն օգնել զավթված տարածքների ապաօկուպացմանը։ "Բայց, պետք է հասկանալ, որ նման չմտածված քայլերի հետեւանքները ընդհուպ տարածաշրջանային պատերազմի սանձազերծումն է՝ մի քանի պետությունների մասնակցությամբ ", - հայտարարել է Զասը։
Դրա հետ մեկտեղ գլխավոր քարտուղարը համոզմունք է հայտնել, որ մոնիթորինգային առաքելության արդյունքներով ՀԱՊԿ-ի կողմից առաջարկված լուծումները եղել են հավասարակշռված եւ համարժեք:
"Ուստի, ես չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ն ինչ-որ կերպ փորձում է երես թեքել Հայաստանից։ Ընդհակառակը, իրավիճակը քննարկելու անհրաժեշտություն կար, անմիջապես պետությունների ղեկավարները հավաքվեցին և քննարկեցին այն", - ասել է նա։
ԱրմԻնֆո-ի այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ը նախատեսում է, այնուամենայնիվ, առաքելություն ուղարկել Հայաստան, Զասը հիշեցրել է, որ Երեւանի գագաթաժողովում չհամաձայնեցված փաստաթղթի երկու կետերից մեկը հենց դա էր ենթադրում: "Ինչ վերաբերում է առաքելությանը, ապա օգնության տրամադրման վերաբերյալ առաջարկների կետերից մեկն էլ եղել է սահման առաքելություն ուղարկելը։ Շարադրվեցին կազմը, ժամկետները, 2 ամիս, խնդիրներն ու մանդատը։ Առաքելության հիմնական նպատակը
տեղում իրավիճակի ուսումնասիրությունն ու առաջարկների անհապաղ պատրաստումն է: Դրանք ուժի մեջ են մնում. եթե Հայաստանն անհրաժեշտ համարի ընդունել բոլոր 6 կամ առանձին կետերով կարելի է բավական օպերատիվ իրականացնել դրանք։ Իմ կողմից՝ կարծում եմ, որ դա օգտակար կլիներ այս իրավիճակում։ Ես այդ մասին խոսել եմ նաև այն ժամանակ, պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ և այդ դիրքորոշումն ունեմ հիմա։ Բայց դա, իհարկե, Հայաստանի որոշումն է", - ամփոփել է Զասը։
Նշենք, որ սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայից հետո պաշտոնական Երեւանը ռազմական օգնության համար դիմել էր Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: ՀԱՊԿ-ը իրավիճակի գնահատման նպատակով Հայաստան էր ուղարկել առաքելություն, որի վրա դրված էր իրավիճակի գնահատման և աջակցության համալիր միջոցառումների մշակման գործառույթը։ Ավելի ուշ ռուսական կողմը հաղորդել էր, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է մոնիթորինգային առաքելություն ուղարկել սահման, եթե ՀԱՊԿ ՀԱԽ-ն հավանություն տա այդ միջոցառմանը։ Իսկ Երևանում հայտարարել են, որ ՀԱՊԿ-ից ակնկալում են հասցեական քաղաքական գնահատական հայկական տարածքների օկուպացմանը։
Նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որի ժամանակ պետք է որոշում կայացվեր Հայաստանին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ ։ Սակայն ՀՀ վարչապետը հրաժարվել է ստորագրել "ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին" նախագիծը ։
"ՀԱՊԿ-ի կողմից իրավիճակի հստակ քաղաքական գնահատականի բացակայությունը և վերոնշյալ որոշումը չընդունելը կարող է նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլև Ադրբեջանի կողմից կարող է մեկնաբանվել որպես կանաչ լույս ՀԱՊԿ-ի կողմից՝ Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար: Իսկ դա հակասում է ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերի ոչ միայն տառին, այլեւ ոգուն ու իմաստին", - հայտարարել էր նա Երեւանում ՀԱՊԿ ՀԱԽ նիստում ունեցած ելույթի ժամանակ, հավելելով, որ պատրաստ չէ այդ տեսքով փաստաթուղթը ստորագրել ։