Արմինֆո.Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ադրբեջանն անվանել է Եվրոպայի հուսալի էներգետիկ գործընկեր: Այդ մասին նա հայտարարել Է դեկտեմբերի 17-ին Բուխարեստում՝ Ադրբեջանի Հանրապետության, Վրաստանի, Ռումինիայի եւ Հունգարիայի կառավարությունների միջեւ կանաչ էներգիայի զարգացման եւ փոխանցման բնագավառում ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ:
"Այս համաձայնագիրը ԵՄ-ին ավելի կմոտեցնի Հարավային Կովկասի տարածաշրջանի մեր գործընկերներին եւ կօգնի մեր երկու տարածաշրջաններին մաքուր էներգիայի հասանելիություն ստանալ", - ասել է Եվրահանձնաժողովի նախագահը: "Այսօր մենք կարող ենք ասել, որ Սև ծովի երկու ափերը երբեք այնքան մոտ չեն եղել, որքան այսօր", - ավելացրել է նա:
Մինչդեռ, Ադրբեջանն արդեն 6-րդ օրը շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով չորս գյուղեր ՝ Լիսագորը, Մեծ Շենը, Հին Շենը և Եղծահողը, փաստացի զրկված են կապից նաև Ղարաբաղի մնացած մասի հետ։ Արդյունքում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 հազար բնակիչներ հայտնվել են պատանդների կարգավիճակում։