


Արմինֆո. Լաչինի միջանցքի փակումը կարող է լուրջ հումանիտար հետեւանքներ ունենալ եւ արգելակում է Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղ գործընթացը։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի առաջին տեղակալ Վեդանտ Փատելը։
"Լաչինի միջանցքի փակումը կարող է լուրջ հումանիտար հետեւանքներ ունենալ եւ, անկեղծ ասած, արգելակում է խաղաղ գործընթացը։ Մենք ուրախ ենք, որ Լեռնային Ղարաբաղ բնական գազի մատակարարումը վերականգնվել է։ Ինչպես արդեն ասացի, էներգետիկ ենթակառուցվածքի խափանումները կարող են հումանիտար ճգնաժամ հրահրել։ Եվ մենք կոչ ենք անում շուտափույթ վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով, և դրա ճանապարհը բանակցությունների միջոցով է", - ասել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, Փատելը հայտարարել է, որ չէր նշի ժամանակացույց։ "Դա այն է, ինչի նկատմամբ, ինչպես գիտեք, մեծ հետաքրքրություն է ցուցաբերում պետքարտուղարը և շատ սեւեռուն ուշադրություն է դարձնում դրան, ինչպես նաև գերատեսչության ղեկավարությունն, ընդհանրապես, և դա այն է, ինչով մենք կշարունակենք ակտիվորեն զբաղվել և կհասնենք վերջնագծին", - ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի առաջին տեղակալը:
Նշենք, որ դեկտեմբերի 12-ին, առավոտյան ժամը 10:30-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ հերթական սադրանքի արդյունքում "էկոլոգիական պատճառներով" փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որը Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է: Հայկական թելեգրամյան ալիքները, այսպես կոչված, բնապահպանների շրջանում նույնականացրել են ԱՀ հատուկ ծառայության աշխատակիցներին։ Դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը փակել է նաեւ գազատարի փականը, որով գազ է մատակարարվում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ։ Մոտ 120 հազար մարդ ոչ միայն հայտնվել էր շրջափակման մեջ և, փաստացի, պատանդների կարգավիճակում, այլև զրկվել էր ջեռուցումից, որը վերականգնվել է միայն դեկտեմբերի 16-ին։



