


Արմինֆո.Հարավային Կովկասի հետ կապերի գծով Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը հանդես է եկել հայտարարությամբ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող միակ ճանապարհի արգելափակման առնչությամբ:
Հայտարարության մեջ Կալյուրանդը լուրջ մտահոգություն է հայտնել դեկտեմբերի 3-ին եւ կրկին դեկտեմբերի 12-ից Բերձորի (Լաչինի) միջանցքում Ադրբեջանի իշխանությունների գործողությունների եւ ենթադրյալ բնապահպանական բողոքների կապակցությամբ, ինչը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող ճանապարհի արգելափակմանը, որը տարածաշրջանի հայ բնակչության համար կենսական նշանակություն ունեցող մատակարարման ուղի է:
"Ավելին, Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով անցնող խողովակաշարով Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարումների խափանումների մասին հաղորդումները ծայրահեղ անհանգստություն են առաջացնում՝ մեծացնելով լուրջ հումանիտար հետեւանքների վտանգը։
Հիշեցնում եմ, որ Լաչինի միջանցքով անվտանգ երթևեկությունը երաշխավորվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Ես կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը կատարել այդ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները և կոչ եմ անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել ինչպես գործողություններում, այնպես էլ հռետորաբանության մեջ", - ընդգծել է եվրոպացի պատգամավորը։
Վերջում նա ընդգծել է համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը, որը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության ամուր երաշխիքներ: "Ես կոչ եմ անում անհապաղ վերսկսել բարձր մակարդակի բանակցությունները ԵՄ աջակցությամբ և իրավիճակի ապաԷսկալացում", - եզրափակել է խորհրդարանականը:



