Արմինֆո. Բերձորի (Լաչինի) միջանցքը փակել է ադրբեջանական բանակը։ Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի շրջափակումը պետք է վերացվի։ Այդ մասին ասվում է Եվրախորհրդարանի Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խմբի հայտարարությունում։
Հայտարարության մեջ արձանագրվում է, որ այդ միջանցքը միակ կապող օղակն է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև։ "Դա կենսական նշանակություն ունի բնակչության գոյատևման համար, որը պաշարված է հզոր և արյունարբու բանակի կողմից, որը նոր պատերազմ է սկսել 2020 թվականի աշնանը և շարունակում է իր ագրեսիան, չնայած գործող զինադադարին, որը հաստատվել է Ռուսաստանի հովանու ներքո: Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը փակել է այդ խաչմերուկը, և շատ հայեր այժմ ձմռան գալուստով մնացել են այդ բարձրլեռնային ճանապարհի վրա", - ասվում է հայտարարության մեջ։
Միաժամանակ, խորհրդարանականները ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ Արցախում մատակարարումը դադարեցվել է, և բնակչությունը ստիպված կլինի անցնել խնայողության ռեժիմի, եթե ոչինչ չձեռնարկվի շրջափակումը շուտափույթ վերացնելու համար:
"Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խումբը դատապարտում է ադրբեջանական բանակի կողմից հրադադարի մասին համաձայնագրերի խախտումը եւ պահանջում է անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը, որն առաջացել է ադրբեջանական հարձակումների հետեւանքով՝ չնայած ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությանը", - նշել են պատգամավորները ՝ կոչ անելով ԵՄ-ին պաշտպանել հարձակումների ենթարկվող հայ ժողովրդին:
"Սա հրատապ է. այդ ագրեսիաները միայն սկիզբն են, ադրբեջանական բռնապետության իրական նպատակը Արցախի էթնիկ զտումն է։ Միթե՞ մենք թույլ կտանք ցեղասպանությունից 110 տարի անց անպատիժ կերպով իրագործել մարդկության դեմ նոր հանցագործություն՝ հայ ժողովրդի նկատմամբ",- ասվում է հայտարարության մեջ, որի տակ ստորագրել են "Եվրոպական ազատ դաշինք" կուսակցության նախագահ, Եվրախորհրդարանի (MEP) անդամ Ֆրանսուա Ալֆոնսին՝ Ֆրանսիայից, ֆրանսիացի քաղաքական գործիչ եւ MEP-ի անդամ Սիլվի Գիյոմը, հոլանդացի քաղաքական գործիչ, MEP-ի անդամ Փիթեր Վան Դալենը: