Արմինֆո.Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահների հայտարարության մեջ՝ ադրբեջանցիների կողմից Արցախի ժողովրդին Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի արգելափակման վերաբերյալ հաղորդումների առնչությամբ։
"Տագնապ է հարուցում այն փաստը, որ Ադրբեջանի ժողովրդին թույլատրվում է ազատ բողոքել միայն այն ժամանակ, երբ դա սպառնում է հայերի կյանքին։ Լաչինի միջանցքի շրջափակումը համակարգված է և նպատակաուղղված է դեպի Արցախ սննդամթերքի, դեղորայքի և տրանսպորտի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների առաքման միակ մնացած երթուղու արգելափակմանը, էլ չենք խոսում Արցախի բնակիչների տեղաշարժի ազատության սահմանափակման մասին", - ասվում է հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, հայտարարության հեղինակները փաստում են, որ հաղորդագրություններում նշվում է, որ Ադրբեջանը նաև անջատել է բնական գազը քաղաքացիական բնակչության համար՝ տասնյակ հազարավոր մարդկանց թողնելով առանց ջեռուցման ջերմաստիճանի կտրուկ անկման պայմաններում, ինչպես դա եղել է ավելի վաղ՝ այս տարվա մարտին։
"Ադրբեջանի կողմից այդ կենսական կարեւոր ուղիների անջատումը կամ, նույնիսկ, անջատման սպառնալիքը հերթական անգամ ծայրահեղ կարեւոր ենթակառուցվածքը վերածում է զենքի և հրահրում հումանիտար ճգնաժամ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի համար: Սա հետևում է հայ ժողովրդի նկատմամբ չարաշահումների լավ փաստագրված սխեմային, որը հիմնավորվում է ալիևյան ռեժիմի ապամարդկայնացմանն ուղղված ատելության հռետորաբանությամբ։ Կոչ ենք անում ԱՄՆ-ին և մեր եվրոպացի գործընկերներին օգտագործել իրենց տրամադրության տակ եղած բոլոր դիվանագիտական գործիքները՝ Ադրբեջանի կողմից ստեղծված ճգնաժամը կասեցնելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ բազմակողմ խաղաղ գործընթացների միջոցով Ալիևին բանակցային սեղան վերադարձնելու, ինչպես նաև այդ քննարկումներին Արցախի ժողովրդի մասնակցությունն ապահովելու համար", - ասված է կոնգրեսականներ Ֆրենկ Փալոն կրտսերի, Գաս Բիլիրակիսի, Ջեքի Սփեյերի, Դևիդ Վալադաոյի և Ադամ Շիֆի տարածած հայտարարության մեջ:
Հավելենք նաև, որ ավելի վաղ Բերձորի (Լաչինի) միջանցքն ապաշրջափակելու Ադրբեջանին ուղղված կոչ ներառող հայտարարություններով հանդես էին եկել ԱՄՆ Պետդեպարտամենտը և Եվրամիությունը: