Արմինֆո.2020 թվականին Ղարաբաղյան պատերազմի ավարտից ի վեր Լեռնային Ղարաբաղի տարածքը Հայաստանի հետ կապվել է միակ ճանապարհով։ Այդ ճանապարհն արդեն ավելի քան 24 ժամ արգելափակված է Ադրբեջանի կառավարության կողմից։ Հումանիտար աղետն անխուսափելի է։ Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է "Die PARTEI" կուսակցության ղեկավար, Գերմանիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնի գրասենյակի ղեկավար Դասթին Հոֆմանը։
Ընդ որում, նա արձանագրել է, որ արգելափակողները ներկայանում են որպես բնապահպան ակտիվիստներ, բայց դրան ոչ ոք չի հավատում։ "Բացի այն, որ Ադրբեջանում քաղաքական բողոքի ցույցերը սովորաբար ճնշվում են բիրտ ուժի կիրառմամբ, այդ "ցուցարարները" պետք է նախապես հատեին արգելված ռազմական գոտին։ Բողոքի ակցիան կազմակերպվել է Ադրբեջանի կառավարության կողմից և Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության դեմ ուղղված ահաբեկչության պետական ծրագրի մի մասն է: Ճանապարհը փաստացի հսկում են ռուս խաղաղապահները, բայց նրանք դեռ ոչինչ չեն ձեռնարկել", - գրել է պատգամավորը։
Դրա հետ մեկտեղ նա փաստել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի շրջանում դառը հիշողություններ են մնացել. 1988թ. խաղաղ ցույցերից հետո Ադրբեջանը սահմանեց տարածաշրջանի լիակատար շրջափակումը:
"Շրջափակմանը հաջորդեց դաժան ռազմական ագրեսիան, որը սկսվեց 1991 թվին և ուղղված էր, հիմնականում, քաղաքացիական բնակչության դեմ (HWT-ի ամբողջական զեկույց - https://www.hrw.org/reports/1992%20Bloodshed%20in%20Cauc%20 - %20Escalation%20in%20NK.pdf).
Պատմությունը կրկնվում է. Ադրբեջանի վարքագծի մոդելները կանխատեսելի են ։ Միջազգային հանրությունը կարող էր դրանից դասեր քաղել և համապատասխան կերպով արձագանքել։ Բայց ամեն ինչ հակառակն է: Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը լռություն է պահպանում։ Դաշնային կառավարության և ԵՄ արտաքին քաղաքական գիծը լիակատար կապիտուլյացիա է Բաքվի դաժան բռնապետության առջեւ։ Գերմանիան և ԵՄ-ն կանգնած են Ալիևի կողքին և միմյանց հանցակից են դարձնում", - եզրափակել է քաղաքական գործիչը։