Արմինֆո.Դեկտեմբերի 11-ին մեկնարկել է բարեգործական աճուրդ, որի նպատակն է աջակցել 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և նրանց ընտանիքներին. ավելի քան 4,400 զոհված հերոսների ընտանիքների և ավելի քան 600 հաշմանդամություն ստացած զինծառայողների։ #ArtForArmenia բարեգործական աճուրդը տեղի կունենա երկրորդ անգամ The Artfor’s առցանց հարթակի միջոցով և կտևի մեկ շաբաթ։
#ArtForArmenia առաջին աճուրդը կայացել է 2020 թվականի նոյեմբերին. արդյունքում ավելի քան $42,000 ուղղվել պատերազմի հետևանքով տուժած ընտանիքներին։
The Artfor's հարթակի հաղորդագրության համաձայն, աճուրդում ներկայացված է ամբողջ աշխարհից նկարիչների նվիրաբերած գեղանկարչության, գծանկարի, ինչպես նաև դասականի ու աբստրակցիոնիզմի ավելի քան 50 կտավներ։ Ներկայացված նկարիչներից են՝ Յուրի Գրիգորյանը, Հարություն Ջինանյանը (Jino), Եկատերինա Ռոժկովան, Գալինա Բիստրիցկայան, Արամ Դանիելյանը, Ռաֆայել Մանուկյանը և ուրիշներ։ Աշխատանքների մեծամասնությանը կարող եք ծանոթանալ Երևանի ԱրտԿվարտալ ցուցասրահում դեկտեմբերի 11-14-ը։ Աճուրդի ֆենոմենը դարձավ Արթուր Վարդանյանի բացառիկ արտ-օբյեկտը՝ հատուկ թոնրում թխած ավանդական հայկական լավաշը, որի վրա Քրիստոսի անձեռակերտ պ դեմքն է երևում։ «Ես եմ հացը կենդանի» սահմանափակ հավաքածուի մի նմուշն է, իսկ հավաքածուն ներառում է ընդամենը 33 լավաշ, որոնք թխվել են Հայ առաքելական եկեղեցու օրհնությամբ։ Այդ 33-ից մեկ այլ լավաշ ներառվել է Երևանի Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի հավաքածուի մեջ։ «Ես եմ կեանքի հացը» առաջին անգամ է ներկայացվում աճուրդի։
«Աճուրդի հասույթն ուղղվելու է միանգամից 2 հիմնադրամների՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին և Վահե Մելիքսեթյան հիմնադրամին։ Աճուրդը կանցնի հնարավորինս թափանցիկ. գնորդները գումարը փոխանցելու են անմիջապես այն հիմնադրամին, որի արվեստի գործը ձեռք են բերել։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (ԶԱՀ) հիմնադրվել է 2017թ-ին հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ անհայտ բացակայող զինծառայողների ընտանիքներին և առաջին ու երկրորդ կարգի զինհաշմանդամություն ունեցողներին ֆինանսական հատուցումներ տրամադրելու նպատակով։ ԶԱՀ յուրահատուկ հիմնադրամ է, որին պարտադիր վճարներ են կատարում ՀՀ և Արցախի հարկատուները։ Սփյուռքի մեր հայրենակիցները ԶԱՀ-ին սատարում են նվիրաբերությունների միջոցով։ ԶԱՀ-ի արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը և բարեվարքությունը։ ԶԱՀ կայքում արտացոլվում են կատարված բոլոր պարտադիր վճարները և նվիրաբերությունները, ինչպես նաև կատարված հատուցումները։ Այս պահի դրությամբ հիմնադրամը տրամադրել է ավելի քան $176 միլիոն դոլարի հատուցումներ 5,054 ընտանիքներին, որոնցից 4,637-ը՝ 2020 թվականի պատերազմից արդյունքում են դարձել ԶԱՀ շահառու։ Վահե Մելիքսեթյան հիմնադրամը հիմնադրվել է ի հիշատակ 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի՝ Հայաստանում կլինիկական դեղագիտության զարգացմանը նվիրված նրա աշխատանքը շարունակելու նպատակով։ Երկու տարվա ընթացքում հիմնադրամը 7 մլն դրամի անվանական կրթաթոշակներ է տրամադրել դպրոցականներին և ապագա կլինիկական դեղագետներին։ Աճուրդից ստացված ողջ գումարն ուղղվելու է «Վ.Մելիքսեթյանի անվան դեղագիտության զարգացման կենտրոնի» ստեղծմանը։ Կենտրոնի ստեղծման առաջին փուլի համար անհրաժեշտ է 20 միլիոն դրամ, որից հավաքագրվել է 9 միլիոնը։ Աճուրդի ամբողջական կատալոգը հասանելի է հարթակում theartfors.com։ Աճուրդին հնարավոր կլինի մասնակցել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 18-ը։ Մասնակցելով դուք ոչ միայն կհարստացնեք ձեր հավաքածուն յուրահատուկ կտավներով, այլև կաջակցեք հերոսների ընտանիքներին», - ասվում է հաղորդագրությունում։