Արմինֆո.Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանին։
Ադրբեջանական կողմի դժգոհությունը պայմանավորված է նրանով, որ Արցախի մի խումբ բնակիչներ միանգամայն օրինական հիմքերով թույլ չեն տվել, այսպես կոչված, բնապահպաններին մտնել Դրմբոն և Կաշեն հանքավայրերի տարածք՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում։
"Արտաքին գործերի նախարարությունը նոտա է փոխանցել ռուսական կողմին։ Կոչ ենք անում, ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ապահովել Ադրբեջանի ներկայացուցիչների մուտքը նշված հանքավայրեր", - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նշենք, որ դեկտեմբերի 10-ին ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի հրամանատարությանն ուղղված նամակը, Մարտակերտի շրջանի հանքերը դիտարկելու նպատակով նախատեսում էր այցելել Դրոմբոնի և Կաշենի հանքեր։ Ինչպես հաղորդել է Արցախի տեղեկատվական շտաբը, վերոնշյալ հանքեր մեկանգամյա այցելությունը թույլատրվել է խաղաղապահ զորքերի հրամանատարության կողմից ՝ նրանց վերադասների ցուցումով։
"Հաշվի առնելով, որ առաջարկված ծրագիրը համաձայնեցված չի եղել Արցախի Հանրապետության իշխանությունների և հանքերը շահագործող կազմակերպության հետ, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցները և հարակից բնակավայրերի բնակիչներն ինքնաբուխ փակել են վերոնշյալ խմբի մուտքը հանքերի տարածքներ։ Ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով հանդիպումների վայրեր են մեկնել Արցախի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչները, և բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել դադարեցնել հանքեր նախատեսված շրջայցը և հարցը լուծել լրացուցիչ քննարկումներից հետո։ Կոչ ենք անում Արցախի Հանրապետության քաղաքացիներին զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարածումից և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը: Հավաստիացնում ենք ձեզ, որ իշխանությունները ձեռնարկում են բոլոր քայլերը ՝ ավելորդ լարվածությունից խուսափելու և բոլոր հարցերը Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կարգավորելու համար", - նշված է ԼՂՀ տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում։