Արմինֆո. Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 8-ին այցելել է Լիոն քաղաք, որտեղ տեղի է ունեցել հանդիպում Օվերն Ռոն Ալպ շրջանային խորհրդի փոխնախագահներ Նիկոլա Դարագոնի և Թերի Կովակսի և շրջանային խորհրդի պատասխանատուների հետ:
Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, իր խոսքում նախագահ Հարությունյանը նշել է, որ Ֆրանսիայի տարբեր վարչական շրջանների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից մեկը, և ընդգծել Օվերն Ռոն Ալպ շրջանի հետ ավանդական դարձած կապերի հետագա ընդլայնման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են համատեղ հռչակագիր, որում համոզմունք է հայտնվում, որ Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի միջև հակամարտությունը կկարգավորվի միայն խաղաղ ճանապարհով, մարդու իրավունքների և միջազգային համաձայնագրերի հարգման պայմանով, ինչպես նաև կոչ է արվում Ֆրանսիային, Եվրամիությանը և միջազգային հանրությանը համախմբված մնալ՝ պաշտպանելու համար Հայաստանի և Արցախի իրավունքներն ու տարածքային ամբողջականությունը:
Հռչակագրում ասվում է, որ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը՝ Հայաստանի և Արցախի դեմ հարձակումներն ու ռմբակոծությունները շարունակվում են, ինչը վկայում է, որ Ադրբեջանը չի պատրաստվում հարգել հայտարարության դրույթները և ոչ էլ դրան հաջորդած բանակցությունների ընթացքում իր ստանձնած պարտավորությունները:
«Արցախից հետո հարձակման ենթարկելով Հայաստանը, ռմբակոծելով և մասնավորապես թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ Ադրբեջանը ցանկանում է բռնությամբ արտատարածքային ճանապարհ (միջանցք) ստեղծել իր տարածքի և Նախիջևանի միջև՝ կտրել-անցնելով Արցախի տարածքը և Սյունիքի մարզը»,- ընդգծվում է հռչակագրի մեջ:
Օվերն Ռոն Ալպ շրջանը վերահաստատել է իր հավատարմությունը ազատության, ժողովրդավարության և հավասարության սկզբունքներին և գաղափարներին և անհանդուրժելի համարել հարձակումները սահմանների երկայնքով և քաղաքացիական բնակչության ռմբակոծումները, որոնց միջոցով Ադրբեջանը նպատակ ունի ստիպել Հայաստանին գնալ զիջումների Արցախի հարցում և ընդունել Արցախի նկատմամբ ադրբեջանական ինքնիշխանությունը:
Այցի ընթացքում Հանրապետության նախագահը հանդիպել է նաև Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի հետ: Քննարկվել են Լիոն քաղաքի հետ կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Լիոնի քաղաքապետը հավաստիացրել է, որ Արցախում հումանիտար ծրագրերի իրականացման ուղղությամբ աշխատանքները հետագայում ևս կշարունակվեն: