Արմինֆո.Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի նիստում քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերագործարկման հարցը: Այդ մասին դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում կառավարության ժամի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ցավով արձանագրել է, որ այս հարցում որևէ արդյունք չկա։ «Ամեն դեպքում, կրկին ուզում եմ հաստատել, որ Հայաստանը պատրաստ է և շահագրգռված է այս ծրագրի իրականացմամբ, և մեր առաջարկը մնում է ուժի մեջ ։ Մեր երկիրը պատրաստ է որքան հնարավոր է շուտ սկսել երկաթուղու վերականգնման աշխատանքները", - հայտարարել է Փաշինյանը, հավելելով, որ ավելի վաղ հայկական կողմը ներկայացրել էր այդ նախագծի վերաբերյալ իր պատկերացումները, որոնք վերաբերում են նրան, որ ինչպես երկաթգծի, այնպես էլ ավտոմոբիլային ճանապարհները պետք է գործեն Հայաստանի օրենսդրության շրջանակներում ։ "Հենց որ դա արձանագրվի թղթի վրա, մենք պատրաստ ենք սկսել այդ աշխատանքները", - ընդգծել է կառավարության ղեկավարը: Նա նաև հիշեցրել է Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետ բացելու որոշման մասին։ Երևանը պատրաստ է նաև Ադրբեջանի ուղղությամբ ավտոճանապարհների կառուցմանը, ինչը, վարչապետի խոսքով, թույլ կտա զգալի ծավալներ ապահովել նաև տարանցիկ փոխադրումների համար։ "Այս հարցում մենք քաղաքական կամքի դեֆիցիտ չունենք", - ասել է վարչապետը։
Նշենք, որ դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը: Հայաստանի կառավարության հաղորդագրության համաձայն, կողմերն ընդգծել են Ռուսաստանի Դաշնության դրական դերը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև նրանց միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ ջանքերի գործադրման հարցում: Նիստի ընթացքում քննարկվել են հարցեր` կապված Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ու տարածաշրջանում երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման և փոխադրումների կազմակերպման հետ։ Կողմերը կշարունակեն աշխատել Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ։ Հայկական և ադրբեջանական կողմերն իրենց երախտագիտությունն են հայտնել ռուսական կողմին բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման և հյուրընկալության համար։