Արմինֆո.Ադրբեջանցիներն Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակել են՝ որպես հիմք ներկայացնելով Արցախում ընդերքի շահագործման հետ կապված հնարածին խնդիրները։ Այդ մասին հայտարարել է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Պատահական չէ, որ օրեր առաջ, ադրբեջանական քարոզչական ալիքներում հանքի բեռնատարների լուսանկարներ հայտնվեցին, որոնցում նաև նշվում էր, որ հայերն ապօրինի շահագործում են հանքերը։
Ի դեպ, Ադրբեջանը նաև կեղծ տեղեկություններ էր շրջանառում իրանական դիվերսիոն խմբերի Արցախում գտնվելու վերաբերյալ։ Ինչևէ, Ադրբեջանն օգտագործում է հայաստանյան իշխանությունների հնչեցրած հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Արցախի ինքնորոշման իրավունքը և այն դիտարկում Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Մյուս կողմից՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմաններում, Ադրբեջանը փորձում է միջանցքի նկատմամբ հսկողության հիմքեր գտնել, որպեսզի ռուսական կողմի հետ շփումներում ցույց տա, թե ստիպված է գնում նման քայլի։
Իրականում Հայաստանն Արցախին կապող միջանցքը փակելու որևէ հիմք Ադրբեջանը չունի, դա լավագույնս գիտակցում են նաև Մոսկվայում։ Դե Հայաստանի իշխանությունների հանգամանքը անիմաստ է քննարկել, նրանք թեմայի հետ կապված անտարբեր են և այն համարում են բացառապես ռուսների խնդիրը», - գրել է Աբրահամյանը «Ֆեյսբուքի» իր էջում:
Րոպեներ առաջ Արցախի տեղեկատվական շտաբը հանդես է եկել նոր հայտարարությամբ, որում ասվում է. «Ավելի քան երկու ժամ է շարունակում է փակ մնալ Արցախ-Հայաստան միակ մայրուղին: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Շուշիի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ փակել են մայրուղին: Ճանապարհը բացելու նպատակով ադրբեջանական կողմի հետ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուները շարունակում են ակտիվ բանակցություններ վարել: Խնդրի հնարավորինս արագ կարգավորման ուղղությամբ Արցախի լիազոր պետական մարմինները օպերատիվ կապի մեջ են խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ: Իրավիճակի փոփոխության դեպքում հանրությանը պատշաճ կտեղեկացվի»: