Արմինֆո. Վերջին շրջանում կրկին ակտիվացել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի վերաբերյալ տարատեսակ քննարկումները, մեկնաբանությունները, կարծիքները, ինչն օբյեկտիվ գործընթաց է՝ հաշվի առնելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում այս հարցի առանցքային բնույթը։ Այդ մասին ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարությունում:
«Պաշտոնական Ստեփանակերտը ողջունում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ լուծմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ։ Միևնույն ժամանակ, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը լիազորված է հայտարարել, որ Արցախի ժողովրդի և իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ։
Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ երկու երկրների միջև սահմանների հարցի լուծումը, չի կարող և չպետք է կապված լինի Արցախի Հանրապետության կարգավիճակի հետ։
Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ոչ մի առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա կարգավիճակի հետ, որը սահմանվել է մեր երկրի ժողովրդի կողմից՝ միջազգային իրավունքի նորմերին, սկզբունքներին և այն ժամանակ գործող խորհրդային օրենսդրությանը ամբողջական և խիստ համապատասխանությամբ», - ասվում է հայտարարությունում։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Պրահայում ԵՄ-ի եւ Ֆրանսիայի միջնորդությամբ կայացած հանդիպմանը համաձայնել են կարգավորել հարաբերությունները ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն եւ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Նա նշել էր, որ երկու կողմերն էլ համաձայնել են այդ քայլին՝ առանց վերապահումների։ Ընդ որում, Լավրովն ընդգծել էր, որ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, "Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մի մասն է"