Արմինֆո.Հայաստանը և ԱՄՆ-ը խմբագրում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի միջև կենսաբանական զենքերի ստեղծման համար օգտագործելի տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը: ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 1-ին հավանություն է տվել ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրի նախագծին:
Համաձայնագիրը ստորագրվել է 2010 թվականին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտաամենտի կողմից։ Սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, հայկական կողմը պարտավորվել է ԱՄՆ պաշտպանության նախարարությանը փոխանցել այն վտանգավոր ախտածինների նմուշները, որոնք կուտակվել են Հայաստանում կանխարգելիչ, պաշտպանական կամ այլ խաղաղ նպատակներով, ինչպես նաև՝ համաճարակաբանական տվյալները։
2022 թվականի մայիսին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսալաբորատորիաները գտնվում են Հայաստանի, Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածքներում, Մոսկվան այդ խնդիրը քննարկում է իր հարևանների հետ ինչպես երկկողմ հիմունքով, այնպես էլ ՀԱՊԿ գծով։ Նրա խոսքով՝ կարեւոր է թափանցիկությունը, որը թույլ է տալիս համոզվել, որ այդ ծրագրերը չունեն ռազմական չափումներ, քանի որ դա արգելված է կենսաբանական եւ տոքսինային զենքի արգելման մասին կոնվենցիայով:
2022 թվականի հունիսի 2-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացրած հայ-ամերիկյան համաձայնագրում փոփոխություններ կատարելու նախագծին ։ «Համաձայնագրի նպատակն է նպաստել այս ոլորտում կողմերի արդյունավետ կարգավորվող համագործակցությանը: Համաձայն համաձայնագրի 4-րդ հոդվածի 5-րդ կետի ՝ հայկական կողմը պարտավորվում է ԱՄՆ պաշտպանության նախարարությանը հանձնել Հայաստանում կանխարգելիչ, ռազմական և խաղաղ նպատակներով հավաքված վտանգավոր ախտածինների պահանջվող նմուշները ։ Պայմանագիրը նախատեսում էր նաև համաճարակաբանական տվյալների փոխանցում>, - ասվում էր փաստաթղթին կից պարզաբանման մեջ: Նշվել է, որ հաշվի առնելով կենսաանվտանգության և կենսապահովման մասին համապարփակ օրենքի առաջիկա ընդունումը, որը կարգավորում է կենսաբանական անվտանգության ոլորտը և հստակ ամրագրում է պետության կողմից որևէ երկրի ախտածինների նմուշների փոխանցման որևէ պարտավորության բացակայությունը, ինչպես նաև ելնելով կենսաբանական անվտանգության ոլորտում գործընկերների հետ հավասարակշռված քաղաքականություն ապահովելու անհրաժեշտությունից, առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել IV հոդվածի 5-րդ կետում: "Հարկ է նշել, որ դա համապատասխանում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական կուրսին և ստանձնած միջազգային պարտավորություններին", - ասվում էր եզրակացության մեջ։
Մինչդեռ, ինչպես ասվում է կառավարության այսօրվա որոշման տեղեկանք-հիմնավորման մեջ, ելնելով կենսանվտանգության և կենսապահովման ոլորտում միջազգային համագործակցության շրջանակներում գործընկերների հետ հավասար և համաչափ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունից՝ կողմերը համաձայնել են փոփոխել Համաձայնագրի IV հոդվածի 5-րդ կետը:
«Նշված փոփոխությամբ համաձայնագրի 4-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն վերացվում է պահանջվող վտանգավոր ախտածինների նմուշները ամերիկյան կողմին փոխանցելու պարտադիր բնույթը՝ այն դարձնելով հայեցողական և վերաբերելի միայն հարուցիչ պարունակող ախտաբանական նյութին, որը հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր հարուցիչի բռնկման, համաճարակի կամ դրա հետ կապված վտանգի դեպքում։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ 2022 թվականի սեպտեմբերի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի միջև կենսաբանական զենքերի ստեղծման համար օգտագործելի տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի արձանագրության հաստատումը կամ վավերացումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է և համապատասխանում է ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին", - ասված է փաստաթղթում։