Արմինֆո. ԱՄՆ-ը շատ ակտիվ ներգրավված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ին առընթեր ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը ՝ ի պատասխան լրագրողի ճշտման, թե՝ արդյոք նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակներում՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ խաղաղ բանակցություններից։
"Ինչ վերաբերում է ձեր երրորդ հարցին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնության հասնելու գործում դիվանագիտության վերաբերյալ, որը խաղաղություն կբերի տարածաշրջանին եւ կկարգավորի հարաբերությունները, ինչպես գիտեք, Միացյալ Նահանգները շատ ակտիվ ներգրավված է այդ գործընթացում։ Ես պետք է ասեմ, շատ խորապես է ներգրավված այդ գործընթացում: Եվ չափազանց շահագրգռված է խաղաղության համաձայնագրի կնքմամբ", - ասել է ամերիկացի դիվանագետը։
Այդ կապակցությամբ նա հավելել է, որ ԱՄՆ-ը կշարունակի ուղիներ փնտրել նախարարներին եւ ղեկավարներին մեկտեղելու համար: ԱՄՆ մշտական ներկայացուցչի խոսքով, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Վաշինգտոնն այս հարցում շատ սերտորեն համագործակցում է ԵՄ գործընկերների հետ եւ դիտարկում է ԵԱՀԿ գործիքակազմի տեղակայման հնարավորությունը: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման խումբ էր ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմ՝ Հայաստանի խնդրանքով, ինչպես նաեւ մեծապես աջակցում է ԵՄ ջանքերին սահմանին:
"Մեր նպատակը պարզ է. մենք ցանկանում ենք, որպեսզի սահմանը հնարավորինս շուտ սահմանազատվի: Մենք կցանկանայինք, որ խաղաղության համաձայնագիրը հնարավորինս արագ համաձայնեցվի երկու կողմերի միջև, որպեսզի խաղաղությունն ու կայունությունը վերադառնան տարածաշրջան, ապահովվեն մարդու իրավունքներն ու այդ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց անվտանգությունը, և մենք կարողանայինք նոր էջ բացել Հարավային Կովկասի պատմության մեջ։ Ակնհայտ է, որ այդ նպատակին հասնելու համար որոշ ժամանակ կպահանջվի, բայց մենք ձգտում ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի աջակցենք այդ արդյունքին", - ամփոփել է ամերիկացի դիվանագետը։