Արմինֆո. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հանդիպել է Լիբանանում ՅՈՒՆԻՖԻԼ-ի (ՄԱԿ-ի ժամանակավոր ուժեր Լիբանանում) կազմում առաքելություն իրականացնող հայկական խաղաղապահ զորախմբի շուրջ 40 զինծառայողների հետ:
Ինչպես հաղորդում է Կաթողիկոսարանի մամուլի ծառայությունը, զինծառայողներին ուղեկցել է Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։ Հանդիպումը տեղի է ունեցել Անթիլիասի գլխավոր տաճարում։
Դեսպանը պատմել է վեց ամիս Լիբանանում գտնվող հայկական խաղաղապահ զորախմբի վրա դրված պարտավորությունների մասին:
Իր հերթին՝ Արամ Ա-ն ընդգծել է Հայաստանի պաշտպանության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության գործում հայկական բանակին վերապահված կարեւոր դերը: Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել մեր բանակի մարտական ոգին ՝ ընդդեմ ադրբեջանական հարձակումների, և ընդգծել հայոց բանակի վերակազմակերպման հրատապ անհրաժեշտությունը՝ որպես համազգային առաջնահերթություն:
Հիշեցնենք, որ Լիբանանում ՄԱԿ-ի ուժերը գործում են 1978 թվականից։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պարբերաբար երկարաձգում է նրանց մանդատը։ Հայաստանն առաքելությանը միացել է 2014թ. նոյեմբերին։