Արմինֆո. Պետական պահպանության ծառայությունը դուրս է բերվում ազգային անվտանգության ծառայության կազմից և դառնում վարչապետին առընթեր գործող մարմին: Այդ մասին նոյեմբերի 24-ին կառավարության նիստում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Փաստաթուղթն ընդունվել է չքննարկվող կարգով։
Առաջարկվող փոփոխությունների կարեւոր կետը, ինչպես նշել է Գրիգորյանը, այն է, որ, եթե նախկինում նախկին նախագահներին պետական պահպանություն էր տրամադրվում ցմահ, ապա այդ նախաձեռնության ուժի մեջ մտնելուց հետո այն կտրամադրվի լիազորությունների ավարտից հետո 7 տարվա ընթացքում: Վարչապետի անվտանգությունը պետության հաշվին կապահովվի լիազորությունները վայր դնելու պահից հետո 10 տարվա ընթացքում։
Վարչապետ Փաշինյանն, իր հերթին, նշել է, որ տվյալ պաշտոնատար անձանց անվտանգության ապահովման ժամկետները, անհրաժեշտության դեպքում, կարող են երկարաձգվել։
Անդրադառնալով Ազգային անվտանգության մարմինների համակարգից ՊՊԾ-ի տարանջատմանը՝ Փաշինյանը նշել է, որ այդ փոփոխությունների նպատակահարմարության հարցը վաղուց է քննարկվել։ "Մենք եկել ենք այն եզրակացության, որ դրանով իսկ հնարավորություն ենք տալու ԱԱԾ-ին կենտրոնանալ իր անմիջական գործառույթների վրա", - ասել է Փաշինյանը: Նրա խոսքով ՝ ԱԱԾ-ը պետք է զբաղվի 3 հիմնական ուղղություններով ՝ հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար եւ սահմանադրական կարգի պաշտպանություն։ "Մենք պետք է ընդլայնենք կառույցի ներուժն ու հնարավորություններն այդ առումով", - ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականի ամռանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության առաջիկա 5-ամյա ծրագիրը ներկայացնելիս հաղորդել էր, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է լրջորեն բարեփոխել ազգային անվտանգության համակարգը։ Ըստ Փաշինյանի, Ազգային անվտանգության ծառայությունը պետք է դառնա հակահետախուզական մարմին։ Սահմանապահ զորքերը կշարունակեն գործել ԱԱԾ կազմում, ԱԱԾ պատասխանատվության գոտում կմնա ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը, ինչպես նաև սահմանադրական կարգի պաշտպանությունը։ Փաշինյանը նշել էր, որ այսօր ԱԱԾ-ին վստահված մի շարք գործառնական պարտականություններ ժամանակի ընթացքում փոփոխվելու և վերանայվելու են: Ինչպես վստահեցրել էր վարչապետը, ծառայությունն այս բարեփոխման արդյունքում միայն կուժեղանա։ Ընդ որում, ինչպես նշել էր Փաշինյանը, կան մի շարք ֆունկցիոնալ պարտականություններ, որոնք, իշխանությունների համոզմամբ, չպետք է լինեն այդ կառույցի պատասխանատվության գոտում։ Մասնավորապես, դա վերաբերում է հետախուզությանը։ Նրա խոսքով ՝ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ հետախուզությունն ու հակահետախուզությունը պետք է իրարից առանձին գործեն։ Այս համատեքստում կառավարությունը նախատեսում էր առաջիկա 5 տարիների ընթացքում ստեղծել արտաքին հետախուզության ծառայություն, իսկ ՊՊԾ-ն դարձնել վարչապետին ենթակա մարմին ։