Արմինֆո. "Մենք բոլորս շահագրգռված ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմամբ", - հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը՝ Երեւանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում:
"Հուսով ենք, որ ռուսական կողմի խաղաղարար ջանքերը թույլ կտան կարգավորել հայ - ադրբեջանական հակամարտությունը բացառապես քաղաքական - դիվանագիտական ճանապարհով և կողմերին հասցնել խաղաղության պայմանագրի ստորագրման", - ընդգծել է Տոկաևը:
Նա փաստել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) տարածաշրջանի գործընկերների հետ համագործակցությունն ամրապնդելու Ղազախստանի ռազմավարական գիծը մնում է անփոփոխ: "Ցանկանում եմ ընդգծել, որ Ղազախստանի՝ բարեկամության, բարիդրացիության և տարածաշրջանում դաշնակիցների ու գործընկերների հետ փոխշահավետ համագործակցության համակողմանի ամրապնդմանն ուղղված ռազմավարական գիծը մնում է անփոփոխ։ Մենք հաստատակամորեն նպատակ ունենք այսուհետ ևս ջանքեր գործադրել ձեր պետությունների հետ հարաբերությունների բարձր մակարդակի պահպանման համար ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով", - ընդգծել է Ղազախստանի ղեկավարը։
Տոկաեւը նշել է, որ ՀԱՊԿ առաջնորդների հանդիպումն ընթանում է աշխարհաքաղաքական բարդ հակասությունների եւ աննախադեպ մարտահրավերների պայմաններում: "Միջազգային գործերում տուրբուլենտության բարձրացումը չի շրջանցել նաև ՀԱՊԿ-ի տարածքը։ Մեր տարածաշրջանում շարունակում են տեղի ունենալ հակամարտություններ, որոնք խաթարում են կայունությունն ու անվտանգությունը ողջ եվրասիական տարածքում։ Այս պայմաններում կենսական նշանակություն ունի բաց և կառուցողական երկխոսության պահպանումն ու զարգացումը։ Դա բարդ ճգնաժամերից եւ տարաձայնություններից դուրս գալու արդյունավետ եւ ընդունելի ճանապարհ է", - պարզաբանել է նա։ Այս համատեքստում Ղազախստանի նախագահը սատարել է հայ-ադրբեջանական հակամարտության դիվանագիտական կարգավորմանն ուղղված քայլերը։