Արմինֆո. Ակնկալում ենք, որ մեզ կհաջողվի կարծիքների կառուցողական եւ բաց փոխանակության հունով վերլուծել եւ գնահատական տալ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ոլորտում, այդ լույսի ներքո կշռադատել ՀԱՊԿ անդամ պետությունների համար հնարավոր ռիսկերը, ինչպես նաեւ քննարկել հարցերի լայն շրջանակ:
Այդ մասին նոյեմբերի 23-ին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Երեւանում կայացած ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական համատեղ նիստում։
Նշելով բավականին հագեցած օրակարգը՝ նախարարը մատնանշել է ընդունման համար նախատեսված հարցերի լայն շրջանակը, որոնք ինչպես քաղաքական բնույթի են, այնպես էլ՝ պաշտպանական եւ անվտանգության ոլորտի։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն, իր հերթին, նշել է, որ նախատեսվում է քննարկել եւ ընդունել 24 փաստաթուղթ, որոնք ավելի վաղ համաձայնեցվել էին կազմակերպության անդամ բոլոր երկրների հետ: