Արմինֆո. Իսպանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի հետ համագործակցությամբ համալսարանի աշխարհագրության և պատմության ֆակուլտետում ստեղծվել է հայագիտության ամբիոն:
Ինչպես հաղորդում է Իսպանիայում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունը, ամբիոնը ստեղծվել է Իսպանիայում Հայաստանի մասին գիտելիքների ընդլայնման, հայ ժողովրդի պատմության և քաղաքականության ուսումնասիրության, հայոց լեզվի տարածման և հայ մշակույթի հանրահռչակման նպատակով:
Նոյեմբերի 21-ին դեսպան Սոս Ավետիսյանը և Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի ռեկտորի տեղակալ Խուան Կառլոս Դոադրիո Վիյարեխոն ստորագրել են "ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի միջև հայագիտության հատուկ ամբիոն ստեղծելու մասին" հուշագիրը: