Արմինֆո. Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդման համաձայն, ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Վստահ եմ, որ հայ-ղազախական երկկողմ արդյունավետ համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցությունը կնպաստեն մեր երկրների միջև բարեկամության և վստահության ամրապնդմանը՝ ի նպաստ Հայաստանի և Ղազախստանի բարեկամ ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բեղմնավոր աշխատանք և հաջողություններ Ձեր պետական պատասխանատու պաշտոնում»։
Նշենք, որ Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրության համաձայն, գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը նոյեմբերի 20-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթել է ընտրողների ձայների 81,31% - ով: Ղազախստանի Հանրապետության նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելու արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 26-ին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 69,44 տոկոս: