Արմինֆո.Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 22-ին երկօրյա այցով ժամանում է Երևան՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով:
Սպասվում է, որ նիստի մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրությունը եւ կազմակերպության գործունեությունը նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում: Կողմերը կքննարկեն ՀԱՊԿ շրջանակներում արտաքին քաղաքական, ռազմական եւ հակաահաբեկչական համագործակցությանն առնչվող եւ Հավաքական անվտանգության համակարգի ամրապնդմանն ու հետագա զարգացմանն ուղղված որոշումների պատկառելի փաթեթը:
Ինչպես ՏԱՍՍ-ին հաղորդել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել մի շարք կարեւոր քաղաքական հայտարարություններ, այդ թվում ՝ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հայտարարությունները միջազգային և տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության ամրապնդման և սպառազինությունների վերահսկման, զինաթափման և սպառազինության չտարածման հարցերով, ինչպես նաև անվտանգության խորհուրդների քարտուղարների հայտարարությունները՝ նացիզմի, նեոնացիզմի, ծայրահեղականության, շովինիզմի, այլատյացության բոլոր ձևերի հերոսացման փորձերի դատապարտմամբ: Բացի այդ, կողմերը հավանություն կտան մի շարք փաստաթղթերի, որոնք կդրվեն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը։